Լուրեր
Մայրաքաղաքում միկրոավտոբուսների և ավտոբուսների ուղեվարձը հուլիսի 20-ից կկազմի 150 դրամ
18.07.2013
Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը և Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն անդրադարձել են մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի սպասարկումն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից հուլիսի սկզբին ներկայացված ուղեվարձի փոփոխման հայտերի վերանայմանը և մասնագիտական հանձնաժողովի կողմից սահմանված ուղեվարձի նոր չափին:
Տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված ուղեվարձի բարձրացման հայտերի հիմքում եղել է տարիների ընթացքում արձանագրված պարբերական գնաճը՝ ինչպես նոր մեքենաների ձեռք բերման, այնպես էլ պահեստամասերի, վառելանյութի և քսայուղերի մասով, ինչի հետևանքով սպասարկող ընկերությունները սկսել են վնասով աշխատել: Ըստ այդմ, հայտերում առաջարկված ուղեվարձի սակագնի փոփոխությունը, կապված ուղևորափոխադրումների ծավալից և այլ հանգամանքներից, տատանվել է 140-ից 200 դրամի սահմաններում: Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը նշել է, որ այդ կապակցությամբ ստեղծված մասնագիտական հանձնաժողովը ոլորտի պատասխանատուների, հասարակական և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ մի շարք քննարկումներ է անցկացրել:
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հատկանշել է, որ, ելնելով մասնագիտական հաշվարկներից և դրանց հիմնավորումներից, սահմանվել է մայրաքաղաքային երթուղիները սպասարկող միկրոավտոբուսների և ավտոբուսների ուղեվարձի մեկ միասնական սակագին: Ըստ այդմ, 2013 թվականի հուլիսի 20-ից վերը նշված ուղևորատար տրանսպորտի ուղեվարձը կկազմի 150 դրամ: Անդրադառնալով սպասարկման որակի բարելավմանը՝ Հենրիկ Նավասարդյանը նշել է, որ ուղեվարձի բարձրացումը նաև միտված է ավելի քաղաքակիրթ ծառայությունների մատուցմանը և հավելել, որ, հատկապես նոր ավտոբուսներ ներկրելու առումով, տնտեսվարող սուբյեկտները ավելի շահագրգիռ կլինեն:
Նախնական հաշվարկներով՝ մինչև տարեվերջ մայրաքաղաք կներկրվի ևս 100 ավտոբուս: Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը վստահեցրել է, որ ոլորտում իրականացվող բարեփոխումներն այսուհետ երևանցիներին ավելի տեսանելի կլինեն: Տեղեկացվել է նաև, որ տրոլեյբուսների երթևեկության ուղեվարձը ևս հուլիսի 20-ից կավելանա 50 դրամով`կազմելով 100 դրամ, իսկ մետրոպոլիտենի ուղեվարձը չի փոխվի: