Լուրեր

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2013թ. առաջին կիսամյակի գնահատման և վերլուծության արդյունքները

16.07.2013

 Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2013թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ըստ այդմ, բարձր ցուցանիշներ են գրանցել Ավան, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ են արձանագրվել Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում:
Անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետևողական աշխատանքը, հատկանշելով, որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման հարցում առաջնահերթը հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումն է:
Ըստ այդմ, քաղաքապետը համապատասխան վարչությունների պատասխանատուներին հանձնարարել է անձամբ այցելել համեմատաբար ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների աշխատակազմեր, վերլուծել կիրառվող մոտեցումներն ու քայլեր ձեռնարկել աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման ուղղությամբ:
Անդրադառնալով գնահատման և վերլուծության արդյունքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև չբավարարվել ձեռքբերածով, առավել հետևողական աշխատանք տանել ցուցանիշները բարելավելու ուղղությամբ և անել հնարավորը առավելագույն արդյունքներ ապահովելու համար:
<<Մայրաքաղաքում համաչափ զարգացում ապահովելով` մենք յուրաքանչյուր տարի պետք է գերազանցենք քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունքները: Համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ առաջիկա չորս տարիների ընթացքում մենք պետք է ավարտին հասցնենք բոլոր այն ծրագրերն ու նախագծերը, որոնք խոստացել ենք երևանցիներին>>,- ընդգծել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը նաև հանձնարարել է վարչական շրջանների գործառույթների գնահատման շրջանակում ներառել նաև Երևանի ավագանու որոշմամբ սահմանված պարտադիր բարեկարգման նորմերի պահպանումը, ինչպես նաև տարվա յուրաքանչյուր սեզոնին բնորոշ աշխատանքների իրականացման համեմատական վերլուծությունները:

← Վերադառնալ ցուցակին