Լուրեր
Վարչապետը ծանոթացել է ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի կառուցման աշխատանքներին
15.07.2013

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի շինհրապարակ, որը կառուցվում է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի շրջանակում:
Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տարածքով, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը վարչապետին մանրամասներ է ներկայացրել Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի իրականացման առաջին փուլի` ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառուցման վերաբերյալ:
Կենտրոնը պետք է արտադրի ուռուցքային նորագոյացությունների ախտորոշման և քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ ռադիոակտիվ իզոտոպեր` ստեղծելով ռադիոդեղագործական և ախտորոշման համալիր բժշկական ծառայությունների մատուցման կարողություններ: Արտադրված ռադիոնուկլիդներն ու ռադիոդեղագործական միջոցներն օգտագործվելու են կենսաքիմիական քննության և պատկերների մշակման համար:
Ազգային մրցունակության հիմնադրամի Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագիրը բաղկացած է երեք փուլից` ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, ճառագայթային թերապիայի ու քիմիոթերապիայի և վիրաբուժության ուռուցքաբանական կենտրոնների ստեղծում: Այն պետք է լինի Հայաստանում ուռուցքային հիվանդությունների բուժման և կանխարգելման` ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կենտրոն, որը կմատուցի միջուկային ախտորոշման, ճառագայթային բժշկության, քիմիաթերապիայի և վիրաբուժության ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ: