Լուրեր
Երևանի քաղաքապետը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
12.07.2013
Ֆինանսական կառավարման համակարգի ուսումնասիրության հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Համաշխարհային բանկի Եվրոպայի և կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսական կառավարման գծով տարածաշրջանային ղեկավար Սուքեյնա Կանեի հանդիպման ժամանակ:
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին Երևանի քաղաքապետարանի ֆինանսական կառավարման համակարգի գնահատմանն աջակցելու համար և համոզմունք հայտնել, որ համատեղ ծրագրերն առաջիկայում ևս շարունակական կլինեն:
<<Ուզում եմ շնորհակալություն հայտնել Համաշխարհային բանկի հետ տարբեր ոլորտներում մեր արդյունավետ համագործակցության համար: Քաղաքի ֆինանսական կառավարման համակարգերի արդյունավետության ապահովումը մեզ համար գերակա խնդիր է, և մեր նպատակն է, որ մայրաքաղաքի ֆինանսական կառավարման համակարգերը լինեն օրինակելի և համապատասխանեն միջազգային չափորոշիչներին ու լավագույն փորձին>>,- նշել է Տարոն Մարգարյանը:
Համաշխարհային բանկի Եվրոպայի և կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսական կառավարման գծով տարածաշրջանային ղեկավարն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի համար վստահելի և լուրջ գործընկեր է:
<<Քաղաքի ֆինանսական կառավարման համակարգերի արդյունավետության ապահովման հարցում Երևանի քաղաքապետարանի ունեցած հետաքրքրությունն ու պատրաստակամությունն արդեն մեծ քայլ են ոլորտում հաջողություններ գրանցելու համար: Երկխոսության ու համագործակցության առումով այսօր բարենպաստ դաշտ է ապահովված, ինչն անպայման կտա իր դրական արդյունքները>>,- նշել է Սուքեյնա Կանեն:
Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս համոզմունք է հայտնել, որ բոլոր այն խնդիրները, որոնք այսօր առաջադրված են քաղաքապետարանի կողմից, համատեղ աշխատանքի ու համագործակցության արդյունքում լուծումներ կստանան: