Լուրեր

Երևանը համալրվեց ևս մի քանի բարեկարգ բակերով

12.07.2013

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում ծանոթացել է 2013 թվականի բակերի բարեկարգման ծրագրով իրականացվող աշխատանքների արդյունքներին և մասնակցել արդեն իսկ բարեկարգված մի շարք բակերի բացման հանդիսավոր արարողություններին:
Հարավարևմտյան Բ-2 թաղամասի համար 137 և <<Ճառագայթային Վ>> շենքերի հարակից բակային տարածքները գարնանից մեկնարկած բարեկարգման աշխատանքների շնորհիվ ապահովվել են բնակիչների հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Այստեղ կառուցվել է մինի ֆուտբոլի խաղադաշտ, որը հարմարեցվել է նաև բասկետբոլի համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնակիչների հետ հանդիսավորությամբ բացելով բարեկարգված բակը, շրջել ու ծանոթացել է կատարված աշխատանքներին, ապա զրուցել բնակիչների հետ, ովքեր իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին՝ բակերի բարեկարգման աշխատանքների նկատմամբ դրսևորած հետևողականության համար:
Ի դեպ, տվյալ բակի բարեկարգումն իրականացվել է Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության շրջանակում՝ մասնավոր ներդրողների մասնակցությամբ:
Տարոն Մարգարյանը մասնակցել է նաև Բ-1 թաղամասի Րաֆֆու փողոցի 69 և 77 շենքերի բակերի բացմանը: Բակում հավաքված բնակիչների հավաստմամբ՝ բարեկարգ բակ ունենալը երկար տարիներ երազանք է եղել ու այսօր այն դարձել է իրականություն՝ մեծ ուրախություն պարգևելով թե՛ մեծերին և թե՛ փոքրերին: Առանձնացված մի քանի գոտիներում տեղադրվել են զրուցարաններ ու նստարաններ, փոքրիկների համար էլ կառուցվել ու կահավորվել է խաղահրապարակը:
Այս բակում ևս բարեկարգված մինի ֆուտբոլի խաղադաշտ կա, որտեղ խաղացող փոքրիկները քաղաքապետին խոստացել են նոր հաղթանակներով բարձր պահել Երևանի պատիվը: Շրջելով և ծանոթանալով կատարված աշխատանքներին` Տարոն Մարգարյանը բնակիչներին հորդորել է մշտապես խնամել և պահպանել տարածքը: Իրենց շնորհակալությունն ու գոհունակությունը հայտնելով՝ բակի բնակիչներն իրենց հերթին նշել են, որ պատրաստակամ են երեխաների հետ խնամելու և պահպանելու տարածքը, որպեսզի հետագայում էլ հաջորդ սերունդներին փոխանցեն: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցի 77 շենքի բակի բարեկարգումը ևս մասնավոր ներդրողների աջակցությամբ է կյանքի կոչվել:
Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նաև Օհանովի 52 և 54 շենքերի նորակառույց բակի բացման հանդիսավոր արարողությանն ու փոքրիկ բնակիչների հետ կտրել խորհրդանշական կարմիր ժապավենը: Զրուցելով բնակիչների հետ և լսելով նրանց առաջարկությունները՝ քաղաքապետն ընդգծել է, որ արվել և արվելու է հնարավորը, որպեսզի բնակիչների համար ապահովվի լիարժեք հանգստի կազմակերպումը:
Կանաչապատ, բարեկարգ, խաղային ատրակցիոններով կահավորված բակը ավելի քան 30 տարի անխնամ ու անշուք տարածքի տեղում է կառուցվել: Քաղաքապետը շրջել և ծանոթացել է նաև հարակից շենքերի բակերի և ֆուտբոլի դաշտի բարեկարգման աշխատանքներին:
Շերամի փողոցի 39, 63, 65, 67 շենքերի բակը ևս կառուցվել է այս տարվա բակերի բարեկարգման ծրագրով: Այսուհետ դրանք կծառայեն որպես ժամանցի և հանգստի կազմակերպման յուրօրինակ անկյուն ինչպես այս, այնպես էլ հարակից շենքերի համար: Տարոն Մարգարյանին այստեղ առաջինը մեծ ոգևորությամբ դիմավորել են տասնյակ փոքրիկները, ովքեր արդեն իսկ հասցրել էին ստուգել բազմագույն խաղային ատրակցիոնների հարմարավետությունը:
Բնակիչների հավաստմամբ՝ բակի բարեկարգումն իսկապես մեծ, միևնույն ժամանակ սպասված նվեր էր, որի համար նրանք շնորհակալություն են հայտնել քաղաքապետին: <<Մենք բազմիցս ենք հայտարարել, որ Երևանի բոլոր բակերը բարեկարգելու և հանձնելու ենք մեր բնակիչներին: Վերջին երկու տարիների ընթացքում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել բոլոր վարչական շրջաններում և մենք նախանշել ենք ամեն տարի 400 բակ հանձնել մեր բնակիչներին: Այս տարի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արդեն շուրջ տասը բակ բարեկարգել ու հանձնել ենք բնակիչներին: Մինչև տարեվերջ այդ աշխատանքները կշարունակվեն, և մենք հույս ունենք, որ կկարողանանք առաջիկա 3 տարիների ընթացքում ավարտին հասցնել մայրաքաղաքի բոլոր բակերի բարեկարգման ծրագիրը: Մեր բնակիչներն էլ իրենց հերթին են պատրաստ կամավոր հրաժարվելու ինքնակամ զբաղեցրած տարածքներից: Ու վստահ եմ, որ բնակչության հետ միասին մենք կկարողանանք ծրագիրը հաջողությամբ ավարտին հասցնել>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետի հանձնարարությամբ, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բակային տարածքների բարեկարգման աշխատանքների շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվում նաև կանաչ տարածքների պահպանմանն ու ընդլայնմանը: Այդ նպատակով առաջնահերթորեն լուծվում է ոռոգման ցանցի հարցը:
Աշխատանքային շրջայցի վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև թիվ 198 դպրոցի հարակից տարածքում կազմակերպված բակային ճամբար, ծանոթացել մայրաքաղաքում ամառային հանգիստն անցկացնող մանուկների համար իրականացվող աշխատանքներին: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ բակային ճամբարների կազմակերպման շրջանակում իրականացվում են մարզամշակութային և ճանաչողական տարբեր միջոցառումներ՝ այդպիսով երեխաների առօրյան դարձնելով առավել հետաքրքիր ու լիարժեք:

← Վերադառնալ ցուցակին