Լուրեր

Երևանցի 46 շնորհալի աշակերտներ մեկնել են Բուխարեստ

10.07.2013

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, Երևան-Բուխարեստ աշակերտական ճամբար են մեկնել ուսումնական, ինչպես նաև մշակույթի և սպորտի բնագավառներում գերազանց առաջադիմությամբ սովորող երևանցի 46 աշակերտներ։ Երեխաներին Բուխարեստ ճանապարհելիս Երևանի քաղաքապետարանում նրանց հյուրընկալել և բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը և հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։
Յոթնօրյա ճամբարի ընթացքում հայաստանցի աշակերտները ռումինացի հասակակիցների հետ մշակութային, մարզական և այլ մրցաշարերի են մասնակցելու։
<<Ընտրել ենք շնորհալի երեխաների, ովքեր գերազանց հաղորդակցվում են անգլերենով և կարող են օտար երկրում պատվով ներկայացնել հայկական մշակույթը, ազգային արժեքները։ Երևանցի աշակերտները Բուխարեստ են մեկնում ինչպես հանգստի, այնպես էլ հատուկ պատրաստված մշակութային ծրագրով, որպեսզի ճամբարը երկուստեք ուսուցողական լինի՝ հայ և ռումինացի հասակակիցները միմյանց հաղորդակից դարձնեն իրենց երկրների մշակույթներին>>,- նշել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։
Երևանցի աշակերտներն իրենց հետ տարել են Հայաստանը և Արցախը խորհրդանշող հուշանվերներ։
Երևան-Բուխարեստ ճամբարի օրերին երևանցի աշակերտները հանգստի են մեկնելու նաև Ռումինիայի մեկ այլ՝ Կոստինեշտի ծովափնյա քաղաք։
Երևան-Բուխարեստ աշակերտական ճամբարի անցկացման համաձայնությունը ձեռք էր բերվել Երևանի և Բուխարեստի քաղաքապետերի հանդիպման ժամանակ և իրականացվում է երկու քաղաքների քաղաքապետարանների ֆինանսական հոգածությամբ։

← Վերադառնալ ցուցակին