Լուրեր

Անվանի երգահան Ռայմոնդ Պաուլսը կմասնակցի <<Էրեբունի-Երևան>> տոնակատարությանը

09.07.2013

 Պաշտոնական այցով Ռիգայում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ջազմեն Լևոն Մալխասյանի և Երևանի ավագանու անդամ Հրանտ Թոխատյանի հետ միասին, Ռայմոնդ Պաուլսի հրավերով հյուրընկալվել են լատվիացի հայտնի երգահանին:
Ողջունելով քաղաքապետին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին՝ Ռայմոնդ Պաուլսը նախ շնորհավորել է հյուրերին Երևանի և Ռիգայի միջև եղբայրացման համաձայնագիր կնքելու կապակցությամբ:
Հայտնի երգահանը նաև հույս է հայտնել, որ ստորագրված համաձայնագրի շրջանակում էլ ավելի կսերտանան նաև երկու մայրաքաղաքների միջև առկա մշակութային հարաբերությունները:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ Ռիգայի հետ փոխշահավետ համագործակցությունն իսկապես մեծ ներուժ ունի, այդ թվում նաև մշակույթի ոլորտում: Օգտվելով առիթից՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռայմոնդ Պաուլսին հրավիրել է աշնանը մասնակցելու <<Էրեբունի-Երևան 2795>> տոնակատարություններին:
Հայտնի երգահանը սիրով ընդունել է Տարոն Մարգարյանի հրավերն ու խոստացել անպայման այցելել Երևան և երևանցիների հետ միասին տոնել քաղաքի օրը:

← Վերադառնալ ցուցակին