Լուրեր

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

03.07.2013

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հուլիսի 3-ին հանդիպեց ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր, կարեւորվեց պատգամավորական բարեկամության խմբերի միջեւ սերտ աշխատանքը: Երկուստեք կրեւորեցին այս ժամանակաշրջանը, որում Լիտվան ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը եւ հույս հայտնեցին, որ դա հնարավորություն կտա էլ ավելի խորացնելու փոխադարձ համագործակցությունը եվրոպական մերձեցման շրջանակներում:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը անհրաժեշտ համարեց ակտիվացնել երկկողմ կապերը, հատկապես երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջեւ, որի արդյունքները փոխշահավետ կարող են լինել փորձի փոխանակման եւ օրենսդրական գործունեության համագործակցության առումով: Արտակ Զաքարյանը նշեց, որ Հայաստանի խորհրդարանականները բարձր են գնահատում Լիտվայի Սեյմում հայ-լիտվական բարեկամական խմբի ակտիվ գործունեությունը, ինչպես նաեւ Արցախի խորհրդարանի հետ բարեկամական խումբ ստեղծելու լիտվացի պատգամավորների նախաձեռնությունը:

Դեսպան Էրիկաս Պետրիկասը ներկայացրեց ԵՄ-ում Լիտվայի նախագահության առաջնահերթությունները եւ պատրաստակամություն հայտնեց շարունակելու աջակցությունը Արեւելյան գործընկերության շրջանակներում առկա խնդիրների լուծման գործում: Լիտվայի դեսպանը նշեց, որ Հայաստանն ու Լիտվան վաղուց են բարեկամական կապեր հաստատել եւ պատրաստակամություն հայտնեց այսօր էլ միջպետական մակարդակով շարունակելու համագործակցությունը տարբեր ոլորտներում: Նշվեց, որ ցավոք դեռեւս թույլ է համագործակցությունը տնտեսական ոլորտում, որը ակտիվացնելու երկուստեք ցանկություն հայտնեցին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաեւ տարբեր խորհրդարանական կառույցներում Հայաստան-Լիտվա փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը ներկա էր նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը:  

← Վերադառնալ ցուցակին