Լուրեր
Լարված քննարկում՝ հայ, վրացի, ադրբեջանցի կուսակցական երիտասարդների միջև
02.07.2013
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները հունիսի 29-30-ը Վրաստանի Քութաիսի քաղաքում՝ վրացական խորհրդարանում, մասնակցեցին Հարավային կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումին։ Այն կազմակերպել էր Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտը։ Համաժողովին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի երիտասարդներ՝ յուրաքանչյուր երկրից 15 պատվիրակ։ Երիտասարդ քաղաքական գործիչները ներկայացնում էին իրենց երկրների տարբեր կուսակցությունները։
Համաժողովը բաղկացած էր երեք բաժնից՝ «Եվրոպական հարևանության քաղաքականություն. տեսակետներ Եվրամիությունից և Հարավային Կովկասից», «Համաշխարհային անվտանգության մարտահրավերներ. հայացք Հարավային Կովկասից», «Տնտեսականա համագործակցություն՝ ԵՄ-Հարավային Կովկաս»։
Համաժողովի բացման պատիվը տրվել էր ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացնող Սուրեն Պետրոսյանին, ով իր ելույթում անդրադարձավ եվրոպական հարևանության քաղաքականությանը, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին և Հայաստանում ժողովրդավարության զարգացման միտումներին։
Համաժողովն ընթացավ բավականին թեժ մթնոլորտում։ Քննարկումները զերծ չմնացին հակամարտությունների թեմայի շուրջ անդրադարձներից։ Բարձրացվեց Ղարաբաղյան հակամարտության հարցը։ Ադրբեջանցի պատվիրակները, որպես կանոն, իրենց դրսևորում էին ապակառուցողական, ինչը ստանում էր Հայաստանի տարբեր կուսակցությունները ներկայացնող երիտասարդների և կազմակերպիչների համարժեք արձագանքը։ Հայկական պատվիրակությունն առաջարկեց մի փաստաթուղթ, որտեղ ընդգրկված կլինեն այն կետերը, որի շուրջ երիտասարդները կկարողանան համագործակցել առանց նախապայմանների և քաղաքակիրթ մթնոլորտում։ Առաջարկն ընդունվեց կազմակերպիչների, Եվրամիության ներկայացուցիչների կողմից, կազմվեց և քվեարկության արդյունքում միաձայն ընդունվեց կոմյունիկե, որն արձանագրում էր հարավկովկասյան երկրների միջև խաղաղ բանակցությունների ամրապնդման և արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը։
Հարավային կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումի ամփոփիչ ելույթը նույնպես վերապահված էր ՀՀԿ ներկայացուցչին։