Լուրեր
Շարունակվում է սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը
27.06.2013
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է Երևանում բնակվող սիրիահայ սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը:
2013 թվականի առաջին կիսամյակի ամփոփ տվյալներով՝ աջակցություն է ստացել սիրիահայ շուրջ 850 ընտանիք, որից 352-ը՝ միայն վերջին ամսվա ընթացքում: Տարբեր ծրագրերի շրջանակում սիրիահայերին ցուցաբերվում է սոցիալական, կրթական կարիքների աջակցություն, իրավական խորհրդատվություն և համապատասխան օգնություն: Այդ ամենի արդյունքում զգալիորեն հեշտացել է վերջիններիս մշակութային ու հասարակական կյանքում լիարժեք ներգրավելու գործընթացը:
Քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում բժշկական օգնությունը և սպասարկումը սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքների համար իրականացվում է անվճար: Կարիքավորները հնարավորություն ունեն նաև օգտվելու <<Գթության խոհանոցներից>>:
Նորածին երեխաներ ունեցող սիրիահայ ընտանիքներին քաղաքապետարանի կողմից նվիրաբերվում են մանկասայլակներ, մանկական իրեր և անհրաժեշտ այլ պարագաներ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը տեղեկացրել է, որ հատուկ ուշադրություն է դարձվում սիրիահայերի զբաղվածության հարցին: Վարչական շրջանների աշխատակազմերի աջակցությամբ 13 սիրիահայ աշխատանք է ձեռք բերել: Նշելով, որ սիրիահայերի հետ կապված հարցերը գտնվում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում, Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետը նաև նշել է, որ վարչության կողմից անապահովության գնահատման համակարգում սիրիահայ ընտանիքների հաշվառում է իրականացվում, որից հետո համապատասխան միավոր ունեցող ընտանիքներին հատկացվում են ընտանեկան նպաստներ:
Կարիքավոր սիրիահայ ընտանիքներին աջակցության ծրագրերը շարունակվելու են: Քննարկվում են նաև հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: