Լուրեր
ՀՀԿ կանանց խորհուրդը աշակերտների համար կազմակերպել էր թանգարանային օր
03.06.2013
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս երեխաների պաշտպանության շաբաթի մեկնարկը եղավ թանգարանների օրը: Երևան քաղաքի 60 դպրոցներից շուրջ 1200 երեխա, ուսուցիչներ և ծնողներ այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ, Հայաստանի պատմության, Երևան քաղաքի պատմության, Եղ. Չարենցի և Հ. Թումանյանի թանգարաններ:
Հայաստանի ազգային պատկերասրահի և պատմության թանգարանի աշխատակիցները երեխաներին ծանոթացրեցին ցուցադրվող համաշխարհային արվեստի ցուցանմուշներին, ինչպես նաև մեր պատմամշակութային արժեքներին, Հ. Թումանյանի թանգարանում երեխաները ծանոթացան ամենայն հայոց բանաստեղծ` Հ. Թումանյանի կյանքին ու գործունեությանը, Եղ. Չարենցի թանգարանում աշակերտներին դիմավորեց և Չարենցից հուշեր պատմեց Չարենցի դուստր` Անահիտ Չարենցը, իսկ Երևան քաղաքի պատմության թանգարանում երեխաները նախ ծանոթացան Երևանի հիմնադրման պատմությանը, մայրաքաղաքի հատակագծին ու կառուցվածքին, առանձնահատուկ հետաքրքրությամբ զննեցին Երևանի ամենահին տիկնիկները, որոնք ունեն ավելի քան 113 տարվա պատմություն, այնուհետև կազմակերպվեց խաղ-էքսկուրսիա՝ 8-րդ դասարանցիները բաժանվեցին պայմանական անվանումներով երկու թիմի և պատասխանեցին էքսկուրսավարի հարցերին: Խաղի արդյունքում հաղթեց 8-ի Ա դասարանը, որին էլ տրվեց քաղաքապետարանի շնորհակալագիրը:
Միջոցառմանը ներկա էին` ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, Աժ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, Երևանի փոխքաղաքապետ Վ. Վադանյանը. կրթության վարչության պետի տեղակալ Ս. Աչոյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ հյուրեր:
Թանգարաններից պատանիները հեռացան մեծ ոգևորությամբ և ցանկություն հայտնեցին կրկին հյուրընկալվելու մշակութային այդ օջախները:
ՀՀԿ կանանց խորհուրդը շնորհակալություն է հայտնում Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի պատմության թանգարանի Երևան քաղաքի պատմության թանգարանի, Եղ. Չարենցի թանգարանի և Հ. Թումանյանի թանգարանի աշխատակիցներին, այս նախաձեռնությանը աջակցելու, ուշադրությամբ և հոգատարությամբ երեխաներին ընդունելու, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանին, մասնակից դպրոցների ղեկավարությանը ծրագրին աջակցելու համար: