Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին

22.05.2013

Հարգարժան պարոն Ազնավուր, սիրելի Մաեստրո,

ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից պատիվ ունեմ շնորհավորելու Ձեզ ծննդյան 89-ամյակի առթիվ:

Աշխարհում չկա մի անկյուն, որտեղ չգնահատվի եւ չմեծարվի Ձեր արվեստը, որի միջոցով Դուք շարունակ քարոզում եք համամարդկային բարձրագույն արժեքներ՝ սեր, բարոյականություն, հանդուրժողականություն եւ համերաշխություն: Արժեքներ, որոնց պակասը, ցավոք, զգացվում է հատկապես մեր օրերում:

Աշխարհասփյուռ հայությունը հպարտ է նման արժեքների ջատագով իր հայ զավակով: Դուք արժանապատվորեն շարունակում եք մեր ազգի մեծ երախտավորների անգնահատելի ավանդը համաշխարհային քաղաքակրթության մեջ:

Առանձնահատուկ ոգեւորությամբ եմ արձանագրում մեր երիտասարդ պետականության կայացման եւ ամրապնդման գործընթացին օժանդակելու Ձեր անգնահատելի նվիրվածությունը:

Սիրելի պարոն Ազնավուր, եւս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով քաջառողջություն եւ Ձեր նվիրական իղձերի իրականացում: 

← Վերադառնալ ցուցակին