Լուրեր

Քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ապահովվում են նոր գույքով

20.05.2013

 Նախօրեին մայրաքաղաքում գրանցված առատ տեղումների հետևանքներն ամբողջությամբ վերացված են: Այս մասին Երևանի քաղաքապետին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն կառույցների և քաղաքապետարանի ստորաբաժանումների աշխատակիցներին, որոնք տեղումների հետևանքների վերացման նպատակով համակարգված և օպերատիվ կազմակերպել են փողոցների ու մայթերի ջրահեռացման և երթևեկության վերականգնման աշխատանքները:Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողությունը: Վարորդների` ղեկին ծխելու դեպքերը բացառելու նպատակով նախորդ շաբաթվա ընթացքում երիտասարդ կամավորների հետ միասին մայրաքաղաքի տարբեր հատվածներում անցկացվել են ստուգումներ, հայտնաբերված դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ:Մայրաքաղաքում ընթանում են փողոցների գծանշման աշխատանքներ: Հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով առաջարկվել է գծանշումներ իրականացնել նաև կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների հարակից տարածքներում:Քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում շարունակվում են ընթացիկ վերանորոգման և գույքի նորացման աշխատանքները: Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ ծրագրի շրջանակում նախադպրոցական ուսումնական հաստատությունները համալրվում են կոշտ և փափուկ, նաև՝ խոհանոցային գույքով:Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողական լինել ծրագրերի իրականացման մասով և շարունակել վերահսկողությունը մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի նկատմամբ:Նախադպրոցական ուսումնական հաստատություններն ավարտող սաներն ու սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները քաղաքապետի առաջարկով դպրոց կճանապարհվեն պայուսակներով և գրենական անհրաժեշտ պիտույքներով:Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների մասով բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ոռոգման նոր ցանցերի կառուցման 12 ծրագրերից 8-ն արդեն ավարտվել է, զուգահեռաբար շարունակվում են նոր սիզամարգերի ստեղծման և ծաղկապատման աշխատանքները: Ներկայացվել են նաև Երևանում անտառային գոտիների ստեղծման վերաբերյալ առաջարկներ:Շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի և տանիքների վերանորոգման աշխատանքները: Զուգահեռ իրականացվում է նաև հայտարարություններ փակցնելու համար նախատեսված ցուցատախտակների տեղադրում: Արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը հանձնարարվել է Լեզվի պետական տեսչության հետ համատեղ մայրաքաղաքում կազմակերպել շրջայցեր և արձանագրել այն գովազդները, որոնք հակասում են Գովազդի և լեզվի մասին օրենքների պահանջներին և ձեռնարկել համապատասխան քայլեր դրանք շտկելու ուղղությամբ: Հանձնարարվել է նաև գույքագրել նախորդ տարիներին կառուցված խաղահրապարակները, այգիներն ու պուրակները, ֆուտբոլի դաշտերն ու մարզահրապարակները և դրանց պահպանման ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ:Մայիսի 24-ին դպրոցների ավարտական դասարանների Վերջին զանգի միջոցառումների վերաբերյալ զեկուցվել է, որ տարվել են նախապատրաստական անհրաժեշտ բոլոր աշխատանքները: Նշվել է նաև, որ օրվա գլխավոր միջոցառումը` համերգային ծրագրի տեսքով, տեղի է ունենալու Ազատության հրապարակում: Քաղաքապետը հանձնարարել է ներկայացնել միջոցառումների ծրագիր՝ հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Կենդանաբանական այգում, <<Հաղթանակ>> զբոսայգում, Ազատության հրապարակում, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան տարածքներում միջոցառումներ կազմակերպելու և տոնական մթնոլորտ ապահովելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին