Լուրեր

ՀՀ Ազգային ժողովն սկսեց «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկումը

20.05.2013

Ազգային ժողովն սկսեց մայիսի 20-23-ի քառօրյա նիստերի աշխատանքը:

Նախքան նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը ներկայացնելը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ մայիսի 23-ին, ժամը 18.30-ին իր նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենա գազի սակագնի բարձրացման հետ կապված քննարկում, որին հրավիրված են ՀՀ վարչապետը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, կառավարության այլ ներկայացուցիչներ: ԱԺ նախագահը տեղեկացրեց նաեւ, որ մայիսի 24-ին, ժամը 14.00-ին Ազգային ժողովում տեղի կունենան կարկտահարության հետեւանքների վերացմանն ուղղված քայլերին վերաբերող խորհրդարանական լսումներ:

ԱԺ պատգամավորները նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը հաստատելուց հետո քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյայում քննարկված 8 օրենքի նախագծեր: Ազգային ժողովը չընդունեց «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» օրենքի նախագիծը:

Ազգային ժողովը քննարկեց «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը, որը ներկայացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա անդրադարձավ նախորդ տարիներին ՀՀ կառավարության վարած տնտեսական քաղաքականության ձեռքբերումներին, այնուհետեւ ներկայացրեց կառավարության ծրագրի կարեւոր ուղղությունները, որոնք, ըստ նրա, բխում են նախորդ տարիների քաղաքականության զարգացման տրամաբանությունից:

Վարչապետը նշեց, որ կառավարությունը քաջատեղյակ է երկրում առկա հիմնախնդիրներին՝ գործազրկությանը, արտագաղթին, կոռուպցիային, անհավասար մրցակցային պայմաններին, եւ անցած տարիներին պայքարել է այդ խնդիրների լուծման, արատավոր երեւույթների չեզոքացման կամ մեղմացման ուղղությամբ, ինչն էլ իր դրական արդյունքն է տվել եւ բարենպաստ հիմքեր ստեղծել շարունակական տնտեսական աճի համար: Նրա գնահատմամբ՝ կառավարությունը աջակցել է գյուղացուն՝ տրամադրելով սերմացու, վառելիք, պարարտանյութեր, ստեղծել է գյուղմթերքների իրացման հնարավորություններ, ինչը դրականորեն է անդրադարձել գյուղատնտեսության զարգացման վրա: Սոցիալական ոլորտում բացահայտվել են պետությանը մեծ վնաս պատճառող կոռուպցիոն երեւույթներ, աջակցություն է տրամադրվել սոցիալապես խոցելի խմբերին, բարեփոխումներ են իրականացվել կառավարման ոլորտում, ներդրվել են էլեկտրոնային համակարգեր, քաղաքացուն մատուցվող ծառայությունները դարձել են առավել մատչելի ու որակյալ: Առաջընթաց է գրանցվել նաեւ քաղաքացիական հասարակության ձեւավորման, մարդու իրավունքների, խոսքի ազատության պաշտպանության ոլորտներում:

Ներկայացված ծրագիրը, ըստ Տիգրան Սարգսյանի, ուղղված է մարտունակ ու ապահով պետության կերտմանը, որը կապահովի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը: ՀՀ կառավարությունն ապահովելու է աշխատավարձերի համակարգված աճ, կստեղծվեն աշխատանքին համապատասխան արդարացի վարձատրություն ապահովող աշխատատեղեր: Բարեփոխումներ կկատարվեն տնտեսության, կրթության, առողջապահության եւ մի շարք այլ ոլորտներում, կգործարկվի կուտակային կենսաթոշակային համակարգը: Կառավարության գործունեության արդյունքում կկրճատվեն աղքատությունն ու գործազրկությունը, կնվազի արտագաղթը, կամրապնդվեն ժողովրդավարական ինստիտուտները՝ նպաստելով իրավունքի գերակայության ամրապնդմանը:

ՀՀ կառավարությունը նպատակ է դրել 2013-2017 թթ. ընթացքում ապահովելու տնտեսական աճի առաջանցիկ տեմպեր՝ համախառն ներքին արդյունքի 5-7 տոկոսի աճի միջոցով, ներմուծման նկատմամբ արտահանման աճ, նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում, աղքատության կրճատում՝ 8-10 տոկոսային կետով, 100 հազ. ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճ՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ տարեկան 0.3-0.4 տոկոսային կետի չափով:

Տիգրան Սարգսյանի գնահատմամբ՝ տեղի կունենա մտածողության հեղափոխություն: Վարչապետը առկա հիմնախնդիրները լուծելու, աղքատությունն ու գործազրկությունը հաղթահարելու համար կարեւորեց մտածողության փոփոխությունն ու ամենօրյա հետեւողական աշխատանքը: Նա քաղաքական ուժերին կոչ արեց՝ ներկայացված ծրագիրը արդյունավետ իրականացնելու համար աջակցել կառավարությանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց նաեւ ԱԺ պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին կառավարության վարած տնտեսական քաղաքականությանը, ներկայացված ծրագրի իրատեսականությանն ու հիմնավորվածությանը:

Մտքերի փոխանակության համար հերթագրվեց 28 պատգամավոր:

Մհեր Շահգելդյանն իր ելույթում կարեւորեց կառավարության ներկայացրած ծրագրային ուղղությունները՝ հույս հայտնելով, որ երկրի տնտեսության զարգացումը՝ որպես ազգային անվտանգության խնդիր, առավել հստակ ու համապարփակ կներկայացվի կառավարության առանձին ծրագրերում:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի՝ մայիսի 21-ի նիստում: 

← Վերադառնալ ցուցակին