Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Ընտանիքի օրվա կապակցությամբ
15.05.2013
Սիրելի հայրենակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի օրվա առթիվ:
Որպես տոն՝ այն մեզանում ընդամենը երկու տարեկան է, փոխարենը չափազանց հարուստ պատմություն ու ավանդույթներ ունի: Մեր ազգային հիմնասյուներից մեկը՝ ընտանիքը գալիս է դարերի խորքից ՝ որպես օջախի, հոգեկան ջերմության, սիրո, հարգանքի եւ հավատարմության, ազգի շարունակականության խորհրդանիշ:
Փոխադարձ սիրո, պատասխանատվության ու նվիրվածության վրա հիմնված ընտանիքը եղել ու մնում է հասարակության հիմքը, հոգեւոր ու բարոյական արժեքների, ազգային ու մշակութային ավանդույթների պահապանը:
Ամուր եւ բարեկեցիկ ընտանիքը հուսալի ապագայի երաշխիք է երկրի ու ազգի համար: Ուստի աջակցությունը հատկապես նորաստեղծ, բազմազավակ ու անապահով ընտանիքներին, նրանց սոցիալական պաշտպանվածության բարձրացումը, դեմոգրաֆիական իրավիճակի բարելավմանն ուղղված պայմանների ստեղծումը մեր երիտասարդ պետության առանձնակի խնդիրն են:
Եւս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ այս գեղեցիկ ու ջերմ տոնի առթիվ: Թող բոլոր ընտանիքներում տիրեն սերն ու փոխըմբռնումը, վստահությունը վաղվա օրվա հանդեպ: Մաղթում եմ առողջություն, երջանկություն, համերաշխություն եւ բարեկեցություն: