Լուրեր

Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ

15.05.2013

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուի հետ: Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` Տարոն Մարգարյանն ընդգծել է հայ–հնդկական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը և կարևորել կապերի ամրապնդումն ու համագործակցության ընդլայնումը Դելիի և Հնդկաստանի քաղաքների հետ:<<2008 թվականին Երևանի և Դելիի միջև ստորագրված բարեկամության մասին փոխըմբռնման հուշագիրը երկու մայրաքաղաքների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու լայն հնարավորություններ է ընձեռում, մասնավորապես քաղաքային տնտեսության կառավարման, ներդրումային ծրագրերին հնդկական կողմի մասնակցության, փորձի փոխանակման և տեխնիկական աջակցության ուղղություններով>>,- հատկանշել է քաղաքապետը` կարևորելով համատեղ ծրագրերի իրագործման հարցում ՀՀ-ում Հնդկաստանի և Հնդկաստանում ՀՀ դեսպանների առաքելությունը:Դեսպան Սուրեշ Բաբուն, շնորհավորելով Տարոն Մարգարյանին Երևանի ավագանու ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, նշել է, որ հնդկական կողմը շահագրգռված է զարգացնելու Երևանի հետ հուշագրով ամրագրված դրույթները և քայլեր ձեռնարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման ուղղությամբ.<<Արդեն հասցրել եմ շրջել, ծանոթանալ քաղաքին և սիրել Երևանը: Համոզված եմ, որ Ձեր հետևողական աշխատանքի շնորհիվ Երևանն ավելի գրավիչ կդառնա ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ օտարերկրացի ներդրողների համար>>,- նշել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը:Կողմերը քննարկել են նաև Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հնդկաստանի անվան այգու կառուցման հետ կապված հարցեր: Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մայրաքաղաքում կանաչ գոտիների ընդլայնման նպատակով վարչական բոլոր շրջաններում տասնյակ այգիներ ու պուրակներ են վերակառուցվում, նաև հիմնվում են նորերը, և նման ծրագրի իրականացման գործում քաղաքապետարանը պատրաստ է իր իրավասությունների շրջանակում մշտապես աջակցել դեսպանությանը:

← Վերադառնալ ցուցակին