Լուրեր
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ
14.05.2013
Մայիսի 14-ին Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին:
Երկու երկրների կանանց հասարակական կազմակերպությունների միջեւ շփումներն ակտիվացնելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը, ով միաժամանակ նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախագահն է, դեսպանի միջոցով հրավեր էր փոխանցել Չինաստանում հասարակական եւ քաղաքական ակտիվ գործունեություն ծավալող կանանց` այցելելու Հայաստան, քննարկելու համագործակցության, համատեղ արդյունավետ աշխատանքի ուղղությունները:
Դեսպանը տեղեկացրեց, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հրավերով հունիսին նախատեսվում է Համաչինական կանանց խորհրդի պատվիրակության այցը Հայաստան:
Կողմերը համոզմունք հայտնեցին, որ պատվիրակության այցը կնպաստի հայ-չինական հարաբերությունների, մասնավորապես երկու կուսակցությունների կանանց միջեւ կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում խոսվեց երկու երկրների համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերում փոխադարձ աջակցության ու միջազգային կառույցներում համագործակցության մասին: