Լուրեր
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
13.05.2013
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել են երկու երկրների նախագահների առանձնազրույցն ու պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Բանակցությունների արդյունքներով այնուհետ ստորագրվել են երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների ապահովման բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ոլորտում համագործակցության և տեղեկատվության փոխանակման մասին», «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրեր, «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարության միջև համագործակցության զարգացման մասին» փոխըմբռնման հուշագիր և «2013-2014 թվականներին ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարության միջև» համագործակցության ծրագիր:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հանդես են եկել բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ
Հարգելի՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Ես անկեղծորեն ուրախ եմ ողջունելու Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեր երկրում: Մենք Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կանոնավոր հանդիպումներ ենք ունենում ՀԱՊԿ, ԱՊՀ գագաթնաժողովների, անցյալում նաև՝ ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում, վերջին անգամ հանդիպել ենք Մոսկվայում դեկտեմբերին կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նիստի ընթացքում, իսկ մինչ այդ՝ նաև ԱՊՀ գագաթնաժողովում, որտեղ այժմ Բելառուսը իր նախագահության շրջանում իրականացնում է Համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված համալիր միջոցառումներ:
Այդ կանոնավոր հանդիպումները մեզ թույլ են տալիս աշխատանքային կարգով քննարկել և լուծել հայ-բելառուսական օրակարգի ընթացիկ հարցերը: Այնուամենայնիվ, բարձր մակարդակի փոխայցելությունները մնում են միջպետական հարաբերությունների առաջընթացի գլխավոր խթանը: Եվ ես ցանկանում եմ կրկին ողջունել Ալեքսանդր Լուկաշենկոյին Հայաստանում, որտեղ նա միշտ ցանկալի հյուր է:
Ուղիղ մեկ ամիս հետո մենք նշելու ենք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Այդ տարեթվին մենք մոտենում ենք ունենալով ոչ միայն երկկողմ համագործակցության համապատասխան մակարդակ, այլ նաև ամուր գիտակցումով, որ այս տարիների ընթացքում կուտակված միջպետական փոխգործակցության դրական փորձը հանդիսանում է մեր ընդհանուր սեփականությունը:
Եվ մենք միասնական ենք այն հարցում, որ մեր հարաբերությունների ապագան պետք է ներդաշնակ լինի մեր պատմական անցյալի հետ: Չէ՞ որ մենք կողք-կողքի ենք անցել անցյալ հարյուրամյակի բարդություններով, ուս-ուսի մարտնչել ենք Մեծ Հայրենականում, հազարավոր հայեր են զոհվել բելառուսական ճակատներում, հարյուր հազարավորներն արիաբար փառավորել են իրենց անունը: Մեր բարեկամությունն ամրապնդված է մեր ընկած հերոսների արյամբ, և մեզ անհրաժեշտ է խնամքով պահպանել ու բազմապատկել այդ ժառանգությունը:
Մենք քննարկեցինք ամենաբազմազան հարցեր. խոսեցինք տնտեսության, աշխարհաքաղաքական հարցերի, հումանիտար կապերի մասին: Բնականաբար, խոսեցինք նաև Առևտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի գործունեության մասին, որի հերթական նիստը կկայանա ընթացիկ տարվա հունիսին: Ընդգծեցինք միջխորհրդարանական սերտ կապերը հատուկ ստեղծված հայ-բելառուսական հանձնաժողովի շրջանակներում:
Առանձնահատուկ ուշադրություն հատկացվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում մեր փոխգործակցության ամրապնդմանը վերաբերող հարցերին: Մենք մտքեր փոխանակեցինք ՀԱՊԿ շրջանակում համագործակցության զարգացման շուրջ, խոսեցինք ԱՊՀ-ում գործընթացների մասին, որտեղ մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել մեր բելառուս բարեկամներին՝ Համագործակցությունում նրանց նախագահության հաջողության ապահովման նպատակով:
Ես նաև Ալեքսանդր Լուկաշենկոյին ծանոթացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս ընթացքին: Եվս մեկ անգամ ընդգծեցի, որ Ղարաբաղի ժողովուրդը ցանկանում է խաղաղություն և իր պատմական հայրենիքում ազատ զարգանալու հնարավորություն: Նրանք ցանկանում են իրենց ինքնիշխանության միջազգային ճանաչմանը հասած այլ ժողովուրդների հետ հավասար հնարավորություններ: Ես հավաստիացրեցի Ալեքսանդր Լուկաշենկոյին, որ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ մենք պատրաստ ենք այդ հակամարտության խաղաղ լուծմանը:
Մենք որոշակի և բազմախոստում ծրագրեր ունենք առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ոլորտում, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մուտք մեր երկրների շուկաներ, փոխգործակցություն զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում, համագործակցություն մշակույթի և գիտության բնագավառներում: Մեծ հնարավորություններ ենք տեսնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում:
Կարծում եմ, որ Ալեքսանդր Լուկաշենկոն կհամաձայնի ինձ հետ, որ այցին նախորդող մեծաքանակ շփումներն ամենատարբեր մակարդակներում նպաստեցին նրան, որ քիչ առաջ ստորագրվեց փաստաթղթերի ծանրակշիռ փաթեթ: Մենք ակնկալում ենք, որ դրանք սպասվող ազդակ կհաղորդեն երկկողմ համագործակցությանը: Այնպես որ, պարոն Նախագահի այցը ժամանակին էր և դատապարտված է հաջողության:
Ես ևս մեկ անգամ ողջունում եմ Բելառուսի Նախագահին Երևանում և հաճույքով խոսքը փոխանցում եմ նրան: