Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին

07.05.2013

Մայիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստեր Գուստավ Միքելսոնին:

Ողջունելով եւ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ պարոն Միքելսոնը մեծ ներդրում կունենա հայ-ֆիննական միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանը կարեւորում է սկանդինավյան տարածաշրջանի եւ, մասնավորապես, Ֆինլանդիայի հետ բազմաբնույթ ու փոխշահավետ համագործակցության հաստատումը եւ ողջունում Ֆինլանդիայի կողմից աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ: ԱԺ նախագահը նշեց, որ մեր երկիրը շահագրգիռ է Ֆինլանդիայի` որպես բարեկամ երկրի հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության խորացմամբ, միջխորհրդարանական եւ տնտեսական կապերի ակտիվացմամբ: Խորհրդարանի ղեկավարը Ֆինլանդիայի հետ հարաբերությունների զարգացումը կարեւորեց նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցության տեսանկյունից: «Մենք վճռական ենք Հայաստանում խորքային եւ համակողմանի բարեփոխումները շարունակելու հարցում եւ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները դիտարկում ենք նաեւ որպես ԵՄ հետ ծավալվող համագործակցության կարեւոր մաս»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ֆինլանդիայի դեսպանը անհրաժեշտ համարեց երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը տարբեր բնագավառներում: Նա կարեւոր համարեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, երկկողմ շփումները, փոխայցերը: Բարձր գնահատելով Արեւելյան գործընկերության ձեւաչափը եւ Ասոցացման համաձայնագիրը` դեսպանը ընդգծեց Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների կարեւորությունը, ինչը կխթանի ԵՄ-Հայաստան տնտեսական համագործակցությունը:

Հադիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին: 

← Վերադառնալ ցուցակին