Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազին

02.05.2013

Մայիսի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեիի գլխավորած պատվիրակությանը :

Ողջունելով հյուրերին ` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն համոզմունք հայտնեց, որ ԻԻՀ գլխավոր դատախազի պաշտոնական այցը Հայաստան կխթանի փոխվստահության վրա հիմնված հայ-իրանական փոխգործակցությունը: Հովիկ Աբրահամյանի խոսքով` հայ-իրանական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդմանը: Նա կարեւորեց երկկողմ կապերի զարգացումը բոլոր բնագավառներում` նշելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հիմնականում կյանքի են կոչվում, ինչը վկայում է երկու երկրների միջեւ առկա բարեկամական եւ գործնական կապերն էլ ավելի խորացնելու երկուստեք հաստատակամության մասին: ԱԺ նախագահը կարեւորեց միջխորհրադարանական կապերի հետագա զարգացումը եւ ամրապնդումը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս առեւտրատնտեսական կապերի զարգացմանը, եւ գոհունակություն հայտնեց վերջին տարիներին երկկողմ տնտեսական հարաբերություններում գրանցված դրական տեղաշարժի կապակցությամբ: Խորհրդարանի ղեկավարը ընդգծեց, որ Հայաստանում միշտ բարձր են գնահատել Իրանի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ԻԻՀ իշխանությունների ավանդական ջերմ վերաբերմունքը, որի դրսեւորումներից է հայկական մշակութային արժեքների նկատմամբ հոգատարությունը, ինչը, ցավոք, չի նկատվում մեր մյուս հարեւանների կողմից:

ԻԻՀ գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար` բարձր գնահատելով հայ-իրանական քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը: Նրա համոզմամբ` կան բազմաթիվ բնագավառներ, որտեղ կարելի է համագործակցությունը ակտիվացնել եւ զարգացնել: ԻԻՀ գլխավոր դատախազը կարեւորեց նաեւ համագործակցությունը խորհրդարանների միջեւ եւ փոխգործակցությունը միջազգային կառույցներում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: 

← Վերադառնալ ցուցակին