Լուրեր

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողները՝ ԱԺ-ում

02.05.2013

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը մայիսի 2-ին հանդիպեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողներին ու դասախոսներին:

Արտակ Դավթյանը երիտասարդներին ներկայացրեց Ազգային ժողովի կառուցվածքը, Սահմանադրությամբ վերապահված գործառույթներն ու լիազորությունները, օրենսդիր մարմնի դերն ու նշանակությունը երկրի քաղաքական-հասարակական կյանքում: Հանձնաժողովի նախագահը մանրամասնեց օրենքի ստեղծման շղթան՝ նախաձեռնությունները շրջանառության մեջ դնելու, մասնագիտացված հանձնաժողովներում, այնուհետեւ լիագումար նիստերում քննարկելու կարգերը:

Ուսանողներն Արտակ Դավթյանին ուղղեցին թե կրթության համակարգին վերաբերող, թե հասարակությանը հուզող սոցիալական, տնտեսական ոլորտներին առնչվող հարցեր: Պատասխանելով կրթության բնագավառում առաջիկա տարիներին կատարվելիք բարեփոխումների մասին հարցին՝ բանախոսը նշեց, որ դրանք լինելու են 2011-2015 թթ. կրթության զարգացման պետական ծրագրում ամրագրված գաղափարներին համահունչ: Փոփոխություններն ընդգրկելու են նախադպրոցականից մինչեւ գիտության ոլորտները. Արտակ Դավթյանն առանձնացրեց հանրակրթական հաստատություններում համընդհանուր ներառական կրթության ներդրումը, բարձրագույն կրթության ոլորտում բոլոնյան գործընթացին ինտեգրումը եւ մասնավորապես կրեդիտային համակարգի կիրառումը: Իսկ գիտության ոլորտում ծրագրվել է տարեցտարի ավելացնել ֆինանսավորման ծավալները:

Արտակ Դավթյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող այլ հարցերի եւս:

Հանդիպումից հետո ուսանողներն ու դասախոսներն Ազգային ժողովի նիստերի դահլիճում լուսանկարվեցին խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: 

← Վերադառնալ ցուցակին