Լուրեր
Բացվել է ևս երեք համակարգչային դասարան
23.04.2013
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և UCOM ընկերության տնօրեն Հայկ Եսայանի միջև 2012թ.-ին ստորագրված հուշագրի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության 15 դպրոցներ մինչև տարեվերջ կունենան համակարգչային տեխնիկայով հագեցած դասասենյակներ: Շարունակական այս ծրագիրը քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից մեկն է:
Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցում նաև նոր գույքով համալրված ու վերանորոգված նման դասասենյակներից մեկի բացմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը, քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և UCOM ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած դասարաններից նաև ինտերակտիվ կապ կստեղծվի այլ պետությունների դպրոցների հետ: Երևանի քաղաքապետարանի և UCOM ընկերության համագործակցության շնորհիվ համակարգչային առաջին դասասենյակը բացվել էր դեռ անցյալ տարի` մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 156 դպրոցում: Այսօր, բացի թիվ 19 դպրոցից, համակարգչային դասարաններ են բացվել նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 2 և 192 դպրոցներում: