Լուրեր
Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու ամփոփիչ միջոցառումները տեղի կունենան ապրիլի 20-ին
19.04.2013
Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2012 թվականին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաքաք հռչակելու տարվա ամփոփիչ միջոցառումների ծրագիրը, որը կմեկնարկի ապրիլի 20-ին, ժամը 18:00-ին`մայրաքաղաքի Խնկո Ապոր գրադարանին հարակից հատվածից, նկարիչ-քանդակագործ Նուռի (Արման Դավթյան) <<Ընթերցողը>> քանդակի բացման հանդիսավոր արարողությամբ: Եզրափակիչ միջոցառումները տեղի կունենան Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի ճեմասրահներում, դահլիճներում և բակում, ուր ներկաներին կողջունի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:Քաղաքապետի խորհրդականը տեղեկացրել է, որ հրավիրվածների թվում կլինեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, նախկինում գրքի համաշխարհային մայրաքաղաքներ հռչակված երկրների ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպաններն ու հյուպատոսները, շուրջ 50 գրողներ արտերկրից: Պաշտոնական արարողակարգը կսկսվի ժամը 19:00 ին` ելույթներով, մշակութային ծրագրով ու նաև <<Համաշխարհային գրքի պատմությունը>> վավերագրական ֆիլմի պրեմիերայով, դասական ու ջազային երաժշտության կատարումներով: Միջոցառման շրջանակում նախատեսվում են հայ հրատարակիչների և տարվա ընթացքում տպագրված նոր գրքերի ցուցահանդես-վաճառք, գրքերի շնորհանդեսներ, իսկ կեսգիշերից` նաև գրական գինեձոն: Երևանի պատմության թանգարանում կկազմակերպվի բացառիկ նյութերի ու գրականության ցուցադրություն: Բոլոր ցանկացողների համար մուտքը Երևանի քաղաքապետարան ազատ կլինի 19:30-ից մինչև լուսաբաց: Ժամը 23:00 ից սկսած քաղաքապետարանին հարակից հրապարակից յուրաքանչյուր ժամը մեկ կգործեն ավտոբուսներ:Անդրադառնալով Գրքի համաշխարհային մայրաքաղաքի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ դրանք եղել են բազմաթիվ և բազմաբնույթ: Տարաբնույթ հանդիսություններ ու միջոցառումներ են կազմակերպվել կրթադաստիարակչական ու կրթամշակութային հաստատություններում: Նոր գրքերով է համալրվել մայրաքաղաքային գրադարանային ֆոնդը: Տարվա ընթացքում մայրաքաղաքում բացվել է 5 նոր գրախանութ: Երևանի քաղաքապետի խորհրդականն ընդգծել է, որ քաղաքապետարանը նոր գրախանութների բացման հետ կապված այսուհետ էլ պատրաստ է քննարկել կառուցողական առաջարկներ, եթե դրանք չեն հակասի մայրաքաղաքի քաղաքաշինական դիմագծին: Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը ապրիլի 23-ին հանդիսավորապես կփոխանցվի Բանգկոկին: