Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեին

12.04.2013

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի ղեկավարած պատվիրակությանը:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատելով հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը` համոզմունք հայտնեց, որ Վրաստանի արտգործնախարարի այցը Հայաստան կնպաստի երկու երկրների հարաբերությունների առավել զարգացմանը եւ ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` տիկին Փանջիկիձեն վստահություն հայտնեց, որ իր այցը Հայաստան եւս մեկ քայլ կհանդիսանա երկու բարեկամ պետությունների միջեւ փոխգործակցության զարգացման գործում:

Զրուցակիցները կարեւորեցին միջխորհրդարանական կապերի զարգացումը, համագործակցության խորացումը տարբեր բնագավառներում:

Կողմերը քննարկեցին նաեւ տարածաշրջանային խնդիրներ, երկուստեք կարեւորելով Կովկասյան տարածաշրջանի զարգացումը, կայունությունը, անվտանգությունը եւ խաղաղությունը: Պարոն Աբրահամյանը նշեց, որ հայկական կողմը պահպանում է չեզոք դիրքորոշում աբխազական ու հարավօսեթական հակամարտությունների կարգավորման հարցում` վրացական կողմից նույնպես ակնկալելով հավասարակշռված, օբյեկտիվ եւ չեզոք դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ:  

← Վերադառնալ ցուցակին