Լուրեր
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
02.04.2013
Ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկեց «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարլու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գովազդի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող Արա Բաբլոյանի տեղեկացմամբ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներով՝ մինչեւ վեց ամսականը բացարձակ կրծքով սնուցում իրականացնելու դեպքում տարեկան կարելի է փրկել 1.3 մլն երեխայի կյանք: Կրծքի կաթը գերադասելի է ցանկացած այլ սննդից, քանի որ այն պարունակում է անհրաժեշտ սնուցողական նյութեր, որոնք պաշտպանում են երեխային բազմաթիվ հիվանդություններից: Հետազոտությունները ցույց են տվել, որ կրծքով սնվող երեխաները շշով սնվողների համեմատ 25 ագամ ավելի քիչ խնդիրներ են ունենում. նվազում են ալերգիկ երեւույթները, մաշկային հիվանդությունները, ասթման:
Արա Բաբլոյանը նշեց, որ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության, հասարակական կազմակերպությունների եւ սպառողների կողմից ստացվել են բազմաթիվ առաջարկներ, որոնք մեկ առ մեկ քննարկվել են: Ըստ նրա՝ նախաձեռնության նպատակն է խրախուսել երեխաների՝ կրծքով սնուցումը, հստակեցնել մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառությունը:
Օրենքի ընդունման դեպքում կկարգավորվեն մանկական սննդի եւ հարակից ապրանքների արտադրության, պիտակավորման, վաճառքի, բաշխման, գովազդի, ինչպես նաեւ դրանց իրազեկման ու տեղեկությունների տարածման հետ կապված հարաբերությունները:
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին նաեւ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծի փաթեթի մշակումը պայմանավորված է հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքների՝ պետության կողմից երաշխավորված իրավական հարցերով օժանդակություն ստանալու մեխանիզմները հստակեցնելու անհրաժեշտությամբ:
Հանձնաժողովը օրինագծերին դրական եզրակացություն տվեց՝ ԱԺ ապրիլի 8-11-ի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար: