Լուրեր
Հանդիպում ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում
22.03.2013
Մարտի 22-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հանդիպեց հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Ողջունելով ներկաներին՝ Հակոբ Հակոբյանը կարեւորեց նման քննարկումները օրենսդրությունը կատարելագործելու առումով եւ հույս հայտնեց, որ նման նախաձեռնությունները շարունակական կլինեն:
Հանդիպման ընթացքում ՀԿ-ների ներկայացուցիչներն անդրադարձան «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի դրույթներին, հանդես եկան ոլորտի կանոնակարգմանն ուղղված բազմաթիվ առաջարկներով: Ներկաները կարեւորեցին ընդունվող օրինագծի դրույթների կիրարկման համար հստակ մեխանիզմների սահմանումը:
Հանդիպման մասնակիցները քննարկեցին նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահին կից՝ հաշմանդամների հարցերով զբաղվող խորհրդի ստեղծման մասին հարցը՝ նպատակահարմար գտնելով խորհրդի կազմում ընդգրկել հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող ՀԿ ներկայացուցիչներից բաղկացած 6 հոգանոց աշխատանքային խումբ:
ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը ներկաներին վստահեցրեց, որ հաշմանդամների հիմնախնդիրները մշտապես գտնվում են ԱԺ նախագահի եւ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Պատգամավորի կարծիքով՝ ստեղծվող խորհուրդը, կազմված լինելով բանիմաց մարդկանցից, ոլորտում կիրականացնի մի շարք բարեփոխումներ՝ ի նպաստ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանը:
Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հավաստիացրեց, որ ներկայացված առաջարկները եւ բարձրացված խնդիրները հանձնաժողովի ուշադրության կենտրոնում կլինեն, իսկ ընդունելի առաջարկները կներառվեն նախագծում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ տարբեր հաշմանդամություններ ունեցող անձանց խնդիրներին վերաբերող հարցեր: