Լուրեր
Ներկայացվել է սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերի ընթացքը
21.03.2013
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են Երևանի քաղաքապետարանի կողմից սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերն ու նախատեսված աշխատանքները:
<<Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից մշտապես հետևողական աշխատանք է տարվում քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում սիրիահայ ընտանիքների խնդիրների լուծման ուղղությամբ>>,- ընդգծել է հանրակրթության վարչության պետը՝ նշելով, որ սիրիահայերի խնդիրների ուսումնասիրության և դրանց լուծումներ տալու հարցերով ստեղծված աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են նաև քաղաքապետի տեղակալն ու հանրակրթության վարչության պետը: Սիրիահայ երեխաների ուսուցումը կազմակերպելու նպատակով Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում հոկտեմբերից գործում է <<Կիլիկյան վարժարանը>>, որը կահավորված է անհրաժեշտ աշակերտական գույքով: Այսօր վարժարանում սովորում է շուրջ 320 աշակերտ և աշխատում՝ 17 ուսուցիչ: Մայրաքաղաքի այլ դպրոցներում էլ սովորում է ավելի քան 231 սիրիահայ երեխա:
Հանրակրթության վարչության պետը, անդրադառնալով 4-րդ դասարանի աշակերտների գիտելիքների տարեվերջյան ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, ինչպես նաև աշակերտների հիմնական ընդհանուր կրթության և վկայականների բաշխման գործընթացին, նշել է, որ այս ուղղությամբ ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ ակտիվ աշխատանք է տարվում:
Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ նախադպրոցական տարիքի շուրջ 180 սիրիահայ երեխաներ էլ անվճար հիմունքներով և արտահերթ ընդունվել են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների մանկապարտեզներ։
Սիրիահայ աշակերտներն ակտիվորեն ներգրավված են նաև մշակութային և պետական տոների կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներում:
Մարտի 20-ից մեկնարկել և մինչև հունիսի 1-ը շարունակվելու է <<Մշակութային գարուն աշակերտներին>> ծրագիրը, որի շրջանակում մայրաքաղաքի բոլոր դպրոցների աշակերտները, այդ թվում՝ սիրիահայ, հնարավորություն կունենան անվճար այցելել տարբեր մշակութային օջախներ` թանգարաններ, թատրոններ, կինոթատրոններ ու համերգասրահներ, տեղում ծանոթանալ ազգային երաժշտարվեստին և նվագարաններին. <<Ծրագիրը ներառում է նաև բազմաթիվ բացօթյա զանգվածային միջոցառումներ, որոնք նախատեսվում են մայրաքաղաքի տարբեր հրապարակներում, այդ թվում՝ նաև Ազատության: Վերջինում, ցավոք, հայտնի պատճառով առայժմ հնարավոր չէ դրանց իրականացումը>>,- նշել է հանրակրթության վարչության պետը:
Անդրադառնալով Երևանում բնակվող սիրիահայ ընտանիքների սոցիալական բույթի խնդիրներին և քաղաքապետարանի կողմից դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին` սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն իր հերթին նշել է, որ սիրիահայ ընտանիքների հետ պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ, և հաշվի առնելով բարձրացված հարցերը՝ հնարավորին օպերատիվ կերպով լուծումներ տրվում. <<Սիրիահայ ընտանիքների սոցիալական խնդիրները Երևանի քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Վարչական շրջանների հետ համատեղ ձեռնարկված աշխատանքների արդյունքում 156 ընտանիքի ցուցաբերվել է դրամական աջակցություն` բնակարանների վարձերի, կոմունալ վարձավճարների, դեղորայքի ձեռքբերման և այլ նպատակներով: Իրականացվել է նաև կենցաղային իրերի և պարենային օժանդակություն>>,- նշել է Ռուզաննա Զաքարյանը:
Զբաղվածության հարցի հետ կապված նշվել է, որ ԶԾՏԿ-ներում հաշվառված 131 սիրիահայերից աշխատանքի է տեղավորվել 41-ը, ևս 12 սիրիահայ աշխատանքի է տեղավորվել վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աջակցությամբ:
Սոցիալական ապահովության վարչության պետը հատկանշել է, որ Երևանի քաղաքապետարանը սիրիահայերին աջակցում է նաև բուժօգնության տրամադրման հարցում: Մինչ օրս քաղաքապետարանի ենթակայության բուժհիմնարկներ են դիմել և անվճար բուժօգնություն ստացել 483 սիրիահայ:
Սոցիալական վարչության պետը նաև նշել է, որ քաղաքապետարանի ծրագրերի շրջանակում արվեստի և երաժշտական դպրոցներում ուսանող սիրիահայ լավագույն աշակերտներին անվճար տրամադրվում են երաժշտական գործիքներ, հոգում ուսման վարձավճարները: Գործում է նաև զեղչային համակարգ:
Ամանորի տոնակատարության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ սիրիահայ երեխաների համար <<Մհեր Մկրտչյան>> թատրոնում կազմակերպվել են ամանորյա միջոցառումներ, որոնց ընթացքում նվերներ են տրվել սիրիահայ աշակերտներին և ուսուցիչներին։