Լուրեր
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ուսանողների հետ
19.03.2013
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 19-ին հանդիպեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ:
ԱԺ փոխնախագահը պատասխանեց հանրապետության ներքին քաղաքական-տնտեսական խնդիրներին եւ երկրի արտաքին քաղաքականությանն առնչվող բազմաթիվ հարցերի:
Էդուարդ Շարմազանովը, ուսանողների խնդրանքով մասնավորապես անդրադառնալով արտագաղթի խնդրին, այն գնահատեց որպես ցավալի երեւույթ հատկապես աշխարհաքաղաքական ներկա իրողությունների պայմաններում, բայց միաժամանակ անընդունելի համարեց երեւույթի ծայրահեղացումն ու միայն երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորելը: Նրա գնահատմամբ՝ իշխանություններն այսուհետ ավելի հետեւողական պետք է լինեն, բազմապատկեն ջանքերը եւ համակարգված քաղաքականությամբ նվազագույնի հասցնեն այն:
Էդուարդ Շարմազանովը խոսեց նաեւ ներքաղաքական իրողությունների մասին: Նրա գնահատմամբ՝ հասարակության մեջ առկա բազմակարծությունը ժողովրդավարական հասարակությանը բնորոշ երեւույթներ են, բայց անհասկանալի է, երբ ընդդիմությունն իր բարձրացրած խնդիրները փորձում է լուծել՝ չունենալով առարկայական որեւէ փաստարկ ու քաղաքական ծրագիր: Իշխանությունը, որը քաղաքական կամք է ցուցաբերել ու կազմակերպել լավ ընտրություններ, միշտ էլ պատրաստ է երկխոսության: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ երկրում կան բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք համատեղ ուժերով լուծման կարիք ունեն: Այդ խնդիրները հնարավոր է լուծել ծրագրեր առաջարկելով ու դրանք կյանքի կոչելով եւ ոչ թե զգացմունքային հայտարարություններով:
Ուսանողներից մեկի այն հարցին, թե որոնք են արտաքին քաղաքականության բնագավառում Հայաստանի առաջնահերթությունները, Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ Հայաստանը բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում՝ առաջնորդվելով ազգային-պետական շահով: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, որի հետ մեր երկիրը անվտանգության ոլորտում սերտ հարաբերություններ է հաստատել: Արտաքին սպառնալիքներ ունեցող Հայաստանի համար դա ճիշտ ճանապարհն է, բայց չի խանգարում ՆԱՏՕ-ի հետ նույնպես լուրջ համագործակցություն ծավալելուն: «Մենք անկախ պետություն ենք եւ գործակցում ենք թե՛ եվրոպական երկրների, թե՛ ԱՄՆ-ի, թե ԱՊՀ եւ թե՛ աշխարհի շատ ու շատ երկրների հետ», -ասաց Էդուարդ Շարմազանովը:
Հանդիպման ժամանակ ԱԺ փոխնախագահը պատասխանեց նաեւ ուսանողներին հետաքրքրող այլ հարցերի: