Լուրեր

Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը

19.03.2013

Երևանի ավագանու մարտի 19-ին գումարված նիստում, նախքան օրակարգի հաստատմանն ու ներկայացված հարցերի քննարկմանն անցնելը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանել է ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Աստղիկ Գևորգյանի հարցին՝ կապված Իսահակյանի արձանի հարևանությամբ գետնանցումում գրքի վաճառք իրականացնողների հետագա գործունեության հետ: Քաղաքապետը նշել է, որ անձամբ է հանդիպել գրավաճառների ներկայացուցիչների հետ և հետագա ժամանակավոր գործունեության համար առաջարկել այլընտրանքային երկու տարածք՝ Ձկան խանութի հարևանությամբ կամ Մալիբու սրճարանի հարակից գետնանցումներում: Ընդ որում, նշվել է, որ նշված տարածքներում գործունեություն իրականացնելու համար կապահովվեն ոչ պակաս նպաստավոր պայմաններ: Ավելին, քաղաքապետն առաջարկել է քննարկման համար ներկայացնել նաև հնարավոր այլ տարածքների տարբերակներ: Տնտեսվարողների կողմից առաջարկվող տարածքներից մեկը մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանի շատրվանների հարակից հատվածն է, ինչը, քաղաքապետի խոսքով, նպատակահարմար չէ, քանի որ մի քանի ամսից արդեն այդ տարածքում հիմնանորոգման աշխատանքներ են սկսվելու, և խնդիրը կրկին առաջանալու է:
Մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանի հարակից այգու տարածքում կրպակներ տեղադրելու առաջարկը միանշանակ մերժվել է քաղաքապետարանի կողմից: Տնտեսվարողները խոստացել են ընտրություն կատարել և այդ մասին տեղեկացնել քաղաքապետին: Քաղաքապետն, ի դեպ, նաև նշել է, որ նախկին տարածքի սեփականատերը պատրաստակամ է, նորոգման աշխատանքների ավարտից հետո նույն տարածքում կրկին գրքի վաճառքի առևտուր կազմակերպել, ուստի գրավաճառները հետագայում հնարավորություն կունենան վերադառնալ նախկին տարածք:
Անցնելով օրակարգի հարցերին, Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երևան քաղաքի 2012թ. բյուջեի կատարման հաշվետվությունը, ըստ որի Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 57247696.3 հազ. դրամ, ծրագրված (ճշտված) 67634655.6 հազ. դրամի նկատմամբ, կամ ծրագրային ցուցանիշները կատարվել է 84.6%-ով, իսկ տարեսկզբին հաստատված բյուջեի ծրագրված ցուցանիշի համեմատ փաստացի եկամուտները կատարվել են 89.9%-ով։ Ընդ որում, ընդամենը եկամուտները առանց պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցների ծրագրվել էր (ճշտված) 43330786.4 հազ. դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 91.4%։
Երևանի 2012 թվականի բյուջեի փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտներն ավել են 2011 թվականի փաստացի ցուցանիշից 6099781.7 հազ. դրամով, իսկ սեփական եկամուտները 2011 թվականի համապատասխան ցուցանիշից ավել են 30.0%-ով կամ 4012186.5 հազ. դրամով։ 2012 թվականի ծախսերի ծավալը ավել է 2011 թվականի փաստացի կատարողականից 6590923.9 հազ. դրամով, իսկ թերակատարումը հիմնականում պայմանավորված է գնումների գործընթացում առաջացած խնայողություններով: 2012 թվականի բյուջեի պարտքեր չեն թողնվել և փաստացի կատարողականի սահմաններում բոլոր ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ ֆինանսավորվել են։
Այնուհետ Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևան համայնքի սեփականություն համարվող մի շարք բնակարաններ անհատույց օտարելու մասին, ինչպես նաև ԳԱԱ ակադեմիկոս, ՀՌՀ հիմնադիր ռեկտոր, ականավոր գիտնական, հայ-ռուսական գրական և մշակութային կապերի մեծանուն գործիչ Լևոն Մկրտչյանի, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ, պետական մրցանակների դափնեկիր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլեն Աստվածատրյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ փակցնելու մասին որոշման նախագծերին:
Ընդմիջումից հետո, հարց ու պատասխանի ժամանակ պատասխանելով ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Աննա Ասատրյանի՝ գրադարանների ջեռուցման ծրագրին առնչվող հարցին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ 2013թ. բյուջեով համապատասխան գումար արդեն իսկ նախատեսված է, և 2013թ տարեվերջին ինչպես քաղաքապետարանի ենթակայության բոլոր գրադարանները, այնպես էլ մշակութային մյուս հաստատություններն ապահովված կլինեն ջեռուցմամբ:
Հաղթանակ գյուղում գյուղատնտեսական նշանակության հողերի իրավական կարգավիճակը ճշտելու մասին ԲՀԿ խմբակցության անդամ Ջիվան Պողոսյանի հարցին ի պատասխան քաղաքապետը նշել է, որ խնդիրը քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է, և նման հարցեր կան նաև այլ վարչական շրջաններում: Քաղաքապետարանը, սակայն, առաջնային է համարում նման իրավական խնդիրներ ունեցող բնակարանների հարցի կարգավորումը, որից հետո, համապատասխան փաստաթղթային հիմնավորումների առկայության պարագայում, լուծում կտրվի նաև հողերի խնդրին: Անդրադառնալով համայնքի ենթակայության մանկապարտեզների գործունեությանը՝ քաղաքապետը վստահեցրել է, որ դրանք շարունակելու են գործել անվճար հիմունքներով, ինչի վերաբերյալ 2013թ. բյուջեով համապատասխան ֆինանսավորում է հատկացված: Քաղաքապետը սպառիչ պատասխանել է նաև հնչեցված մյուս բոլոր հարցերին, որոնք վերաբերել են քաղաքապետարանի ծրագրերով նախատեսված աշխատանքներին:

← Վերադառնալ ցուցակին