Լուրեր

Հունվար-մարտ ամիսներին քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է ավելի քան 1200 բնակիչ

11.03.2013

 Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում հունվար-մարտ ամիսների ընթացքում սահմանված ժամանակացույցի համաձայն քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է համապատասխանաբար 318 և 900 բնակիչ: Բարձրացված հարցերի հիմնական մասին տրվել են դրական լուծումներ:
Չթույլատրված վայրերում, այդ թվում մայթեզրի հատվածերում և կամարանցումներում ավտոմեքենաների կայանման, ինչպես նաև չնախատեսված վայրերում մեքենաների վաճառքի կազմակերպման հետ կապված` քաղաքապետը հանձնարարել է ուժեղացված հսկողություն իրականացնել:
<<Մայրաքաղաքում կարգուկանոնի ապահովումն առաջին հերթին մեր պարտավորությունն է և պատասխանատվությունը: Համապատասխան ծառայությունների հետ համատեղ պետք է առավել խիստ ու հետևողական լինել և օրենքով տրված լիազորությունների շրջանակում անել ավելին, որպեսզի ապահովենք մեր քաղաքացիների հարմարավետությունը>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով շինհրապարակներից դուրս եկող մեքենաների անվադողերի լվացման և բետոնախառնիչ ու հարակից մարզերից Երևան մտնող մեքենաների կողմից փողոցների աղտոտումը կանխելու ուղղությամբ տարվող աշխատանքներին` քաղաքապետը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունն ու ապահովել նաև շինհրապարակների հարակից տարածքների մաքրությունն ու պատշաճ վիճակը:
Մայրաքաղաքում շարունակվող փոսալցման աշխատանքների հետ կապված` հանձնարարվել է գույքագրում կատարել և անհրաժեշտություն դեպքում սեղմ ժամկետում իրականացնել համապատասխան աշխատանքներ:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի տարածքում գտնվող շատրվանների վերագործարկման նպատակով տարվել են նախապատրաստական աշխատանքներ, և եղանակային պայմանների թույլ տալու դեպքում դրանք պատրաստ կլինեն շահագործման:
Վթարային վիճակում գտնվող էլեկտրասյուների վերականգնման աշխատանքների հետ կապված` <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ընկերության ներկայացուցիչը զեկուցել է, որ մայրաքաղաքում գույքագրվել է ընկերության կողմից սպասարկվող 14800 հենասյուն, որոնցից 2900-ը ենթակա են փոփոխման կամ վերանորոգման: 2013 թվականին նախատեսված աշխատանքների շրջանակում կփոխվի 1000 հենասյուն:
Իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ բակային տարածքներում գտնվող էլեկտրական մալուխների վիճակի և դրանց կարգավորման նպատակով պատրաստվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ:
Զեկուցվել է նաև, որ գույքագրվել են բարեկարգման անհրաժեշտություն ունեցող էլեկտրամատակարարման ենթակայաններն ու գազաբաշխիչ կետերը, և առաջիկայում կմեկնարկեն բարեկարգման աշխատանքները:
Մարտի 23-ին և 24-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակների պատշաճ ձևով կազմակերպման նախապատրաստական աշխատանքների հետ կապված` քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կատարված շրջայցի արդյունքում գույքագրվել են այն քրոնիկ վայրերը, որտեղ պարբերաբար նկատվում են աղբի կուտակումներ: Քայլեր են ձեռնարկվել նաև շաբաթօրյակի ընթացքում անհրաժեշտ քանակով գործիքների և տեխնիկայի ապահովման ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ համապատասխան ծանուցումներ են ուղարկվել պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, տնտեսվարողներին և համատիրություններին:
<<Մենք պետք է կարողանանք լիարժեք կազմակերպել համաքաղաքային շաբաթօրյակները և ներգրավել թե պետական և թե մասնավոր հատվածներին: Երևանը բոլորինն է, և բոլորն էլ պետք է իրենց մասնակցությունն ունենան քաղաքի ու բակային տարածքների մաքրության ապահովման գործում>>,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Վարչական շրջանների տարածքներում, այդ թվում նաև մուտքերում և հրապարակներում նախատեսվող կանաչապատման և ձևավորման աշխատանքների հետ կապված` զեկուցվել է, որ ներկայացված բոլոր առաջարկությունները քննարկվել են մասնագետների հետ և հաստատված դենդրոնախագծերին համապատասխան ապրիլի 1-ից կսկվեն ձևավորման աշխատանքները:
Շարունակվում է ամենօրյա հսկողությունը սեփականատերերի կամ վարձակալների կողմից իրենց օբյեկտների հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման և կանաչապատման նախապատրաստական աշխատանքների իրականացման ուղղությամբ: Տնտեսվարողներին են ուղարկվում նաև համապատասխան ծանուցումները` կից սխեմաներով:
<<Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգումը Երևանի ավագանու կողմից հաստատված որոշում է և պայմանագրային պարտավորություն: Սակայն պետք է կարողանանք ձևավորել մշակույթ, որ յուրաքանչյուր տնտեսվարող սեփական նախաձեռնությամբ մշտապես հոգա իր օբյեկտի հարակից տարածքի բարեկարգման մասին>>,- նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը հանձնարարել է քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությանը ստուգումներ անցկացնել քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցներում և առողջապահական հիմնարկներում:
Հանձնարարվել է նաև մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի բոլոր շենքերի շքամուտքերն ապահովել հայտարարությունների համար նախատեսված տախտակներով: Միաժամանակ հանձնարարվել է վարչական շրջանների մարդաշատ վայրերում տեղադրել անվճար հայտարարությունների ցուցատախտակներ:

← Վերադառնալ ցուցակին