Լուրեր
Երևանի քաղաքապետը մասնակցել է <<Գարնանային մեղեդի>> խորագրով ցուցահանդեսի բացմանը
07.03.2013
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված <<Գարնանային մեղեդի>> խորագրով ստեղծագործական ցուցահանդեսի բացմանը: Արդեն վեցերորդ տարին անընդմեջ մարտի 8-ին ընդառաջ կազմակերպվող ցուցահանդեսում ներկայացվում են կին նկարիչների ստեղծագործություններ: Այս անգամ ցուցահանդեսին մասնակցել են 120 նկարչուհիներ՝ 140 ստեղծագործություններով:
Քաղաքապետը շրջել, ծանոթացել է աշխատանքներին և զրուցել ու շնորհավորել է հեղինակներին:
Այնուհետ, պատասխանելով լրագրողների հարցերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ նկատել է, որ Կանանց միջազգային օրվան ընդառաջ արվեստասեր հասարակությանը կին ստեղծագործողների աշխատանքների ներկայացման նման հնարավորության ընձեռումը, ըստ էության, յուրովի գնահատանք է նրանց հանդեպ: <<Այս միջոցառումն արդեն ավանդական է դարձել, ինչն իր հերթին վկայում է, որ այն իսկապես հաջողված նախաձեռնություն է: Օգտվելով առիթից` շնորհավորում եմ թե ստեղծագործող և թե, ընդհանրապես, բոլոր հայ կանանց այս գեղեցիկ տոնի կապակցությամբ ու մաղթում նրանց երջանկություն և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում>>, - նշել է քաղաքապետը:
Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի աջակցությամբ կազմակերպված <<Գարնանային մեղեդի>> խորագրով ստեղծագործական ցուցահանդեսը բաց կլինի մեկ շաբաթ: