Լուրեր

Կանաչապատման և ծաղկային ձևավորումների ծավալներով Երևանը նախկին խորհրդային մայրաքաղաքներից երրորդն է

06.03.2013

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է 2012թ. ընթացքում կանաչապատման ոլորտում մայրաքաղաքի ձեռքբերումներն ու 2013 թվականին նախատեսված ծրագրերը:
Մարքեթինգի հայկական ասոցիացիայի և Gallup International Association կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից հրապարակված <<Երևանցիները Երևանի մասին>> հետազոտությունների արդյունքներով՝ Երևանի քաղաքապետարանի իրականացրած դրական փոփոխությունների շարքում առաջին հորիզոնականում կանաչապատ տարածքների ավելացումն է: 2013-ի փետրվարի 21-ից 23-ը Կիևում կայացած նախկին Խորհրդային Միության երկրների <<Կանաչ քաղաքների>> համաժողովի ընթացքում կանաչապատման ծավալներով և ծաղկային ձևավորումներով Երևանը զբաղեցրել է 3-րդ պատվավոր հորիզոնականը:
Կանաչապատման 2013 թվականի ծրագրերով նախատեսված աշխատանքների շարքում բնապահպանության վարչության պետը կարևորել է ոռոգման ցանցի ընդլայնումը: Ըստ այդմ, այս տարի միայն գարնանը վարչական բոլոր շրջաններում կանցկացվի 20.7 կմ ոռոգման նոր ցանց:
<<Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կանաչապատման աշխատանքները, այդ թվում՝ ոռոգման ցանցի անցկացումը, կատարվելու են համաչափության սկզբունքով, այնպես, որ բոլոր վարչական շրջաններում ապահովվի համաչափ զարգացում>>,- ընդգծել է Ավետ Մարտիրոսյանը:
Քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքում ծառատունկեր կազմակերպվում են բացառապես ոռոգելի տարածքներում: Նախորդ տարի Երևանում տնկված 40 հազար ծառերին գարնանը կավելանա ևս շուրջ 50 հազար մշտադալար ծառ ու թուփ: Բնապահպանության վարչության պետը նշել է, որ այն կազմակերպություններն ու անհատները, որոնք ցանկություն կհայտնեն ծառատունկ իրականացնելու, կարող են դիմել քաղաքապետարան կամ վարչական շրջանի կանաչապատման ձեռնարկություն և անվճար ստանալ համապատասխան քանակի տնկիներ:
Ավետ Մարտիրոսյանը նաև ընդգծել է, որ քաղաքապետարանն ամենօրյա աշխատանք է տանում մայրաքաղաքում ապօրինի ծառահատումները բացառելու ուղղությամբ: <<Վարչական իրավախախտումների մասին>> ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ համայնքային իշխանություններին է պատվիրակվել կանաչ տարածքները վնասելու կամ ոչնչացնելու դեպքում վարչական տույժեր կիրառելու գործառույթը:
Անդրադառնալով մայրաքաղաքի ծաղկապատման աշխատանքներին` Ավետ Մարտիրոսյանը նշել է, որ, եթե 2012-ին 6.5 հեկտարում տնկվել է ավելի քան 1 մլն 800 հազար ծաղկասածիլ, ապա այս տարի ծաղկային տարածքները կընդգրկեն շուրջ 7 հեկտար տարածք, որը կզարդարվի 2.5 միլիոն ծաղիկներով: Նախորդ տարի մայրաքաղաքում սկիզբ դրված ձևավոր ծաղկապատման մշակույթը, դիզայներական հարուստ ու հետաքրքիր լուծումներով, կշարունակվի նաև այս տարի: Եվս 30 հեկտարով կավելանա սիզամարգերի մակերեսը: Կանաչ տարածքներն ընդլայնելու և բուսահողը թարմացնելու նպատակով՝ ՀՀ տարբեր մարզերից կներկրվի 16 հազար խորանարդ մետր բուսահող, 5 հազար խորանարդ մետր կարմիր ավազ:
<<Այսօր վարչության կողմից մշակվում են քառամյա ծրագրեր: Եթե այժմ մեկ բնակչին ընկնող կանաչ տարածքների թիվը հասնում է 8 քմ-ի, ապա 3-4 տարի անց մենք նախատեսում ենք այդ ցուցանիշը հասցնել 12 քմ-ի: Սա մեծ առաջընթաց է և լուրջ ցուցանիշ, ինչը հավասար է խորհրդային վերջին տարիների ցուցանիշին>>,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետը:

← Վերադառնալ ցուցակին