Լուրեր
Տարոն Մարգարյանը հանդիպել է ԵԱՀԿ դիտորդների պատվիրակության հետ
21.01.2013
Առաջիկա ՀՀ նախագահական ընտրությունների Երևանում քարոզարշավի կազմակերպման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդների պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ:
Ողջունելով հյուրերին` քաղաքապետը նախ կարևորել է Երևանի քաղաքապետարանի և միջազգային կազմակերպությունների, այդ թվում ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը, որի շրջանակում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կյանքի են կոչել համատեղ մի շարք ծրագրեր: Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել նաև կազմակերպության առաքելությունը նախընտրական և ընտրական գործընթացներում:
<<Քաղաքային իշխանություններն օրենքով սահմանված կարգով պատրաստակամ են իրենց լիազորությունների շրջանակում պատշաճ մակարդակով կազմակերպելու ՀՀ նախագահի ընտրությունները և բոլոր թեկնածուների համար ապահովել հավասար պայմաններ: Քայլեր են ձեռնարկվել նաև ընտրատեղամասերում թեքահարթակների կառուցման և հաշմանդամություն ունեցող անձանց համար ևս պատշաճ պայմաններ ապահովելու ուղղությամբ>>,- նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը նաև հատկանշել է, որ նախընտրական քարոզարշավի շրջանակում քաղաքապետարանը, ՀՀ օրենքներով տեղական ինքնակառավարման մարմիններին տրված լիազորությունների շրջանակում, արդեն իսկ 715 անվճար ցուցատախտակներ է տեղադրել մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ թեկնածուների քարոզչական պաստառները փակցնելու համար: Բացի այդ, Տարոն Մարգարյանը նշել է, որ նախատեսվել են 33 դահլիճներ, որոնք ևս անվճար կտրամադրվեն թեկնածուներին՝ ընտրողների հետ նախընտրական հանդիպումների կազմակերպման համար:
ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդների պատվիրակության անդամները, շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ընդունելության համար և ողջունելով քաղաքապետարանի կողմից ձեռնարկված քայլերը, նշել են, որ առաքելության ավարտին կամփոփվեն արդյունքներն ու կկազմվի համապատասխան արձանագրություն, որը կներկայացվի հանրությանը:
Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ քաղաքապետարանը հետևողական է լինելու, որպեսզի 12 վարչական շրջաններում էլ պատշաճ մակարդակով կազմակերպվեն անհրաժեշտ բոլոր աշխատանքները: