Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալին
21.11.2012
Քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակման և ներդրումային դաշտի զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տոմաշ Դուբի հանդիպման ժամանակ:
Ողջունելով հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը Երևանում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ սա ևս մեկ անգամ փաստում է հայ-չեխական հարաբերությունների բարձր մակարդակը և հաստատում, որ փոխգործակցություն ծավալելու մեծ ներուժ կա նաև երկու երկրների քաղաքների միջև:
Անդրադառնալով տեղական ինքնակառավարման ոլորտում համագործակցությանը՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանը հետաքրքրված է գործընկերային կապեր հաստատել չեխական քաղաքների հետ. <<Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է փոխշահավետ համագործակցություն ծավալելու հարցում: Կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ մենք կարող ենք համագործակցել քաղաքային տնտեսության կառավարման բոլոր ուղղություններով, և համոզված եմ, որ այդ համագործակցությունն արդյունավետ կլինի երկու կողմերի համար: Այս հարցում մենք ակնկալում ենք նաև Ձեր աջակցությունը>>,- նշել է Տարոն Մարգարյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի և Չեխիայի առևտրի պալատների միջև արդեն իսկ գործնական կապեր են հաստատվել:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը ևս իր հերթին կարևորել է փոխշահավետ համագործակցությունը. <<Մենք արդեն միջկառավարական կապեր ունենք հաստատած մի շարք ուղղություններով և ես վստահ եմ, որ հարաբերությունները կենսունակ կդառնան նաև Երևանի և չեխական քաղաքների միջև: Մենք հարուստ փորձ ունենք հանրային տրանսպորտի, ջրային կառույցների կառավարման և մի շարք այլ ոլորտներում, և կարծում եմ, որ այս ուղղությունները ևս կարող են համագործակցության մաս կազմել փորձի փոխանակման առումով>>,- նշել է Տոմաշ Դուբը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: