Լուրեր
Սպառողների սեղաններին վտանգավոր սննդամթերք չպետք է լինի
15.11.2012
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է սննդի անվտանգության խնդիրներին. «Նախորդ նիստին մենք հնարավորություն ունեցանք լսել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ պարոն Բախչագուլյանին։ Պարբերաբար անդրադառնալու ենք այդ խնդրին։ Մեզ դիմել են նաև պանրագործներ, որոնք այսօր ապահովում են ստանդարտներին համապատասխան պանրի արտադրությունը, և իրենց դժգոհությունն են հայտնում այն պանրագործներից, որոնք փորձում են խուսափել պատասխանատվությունից։ Մեր նպատակը հետևյալն է` մեր սեղաններին վտանգավոր սննդամթերք չպետք է լինի։ Մենք խստացրել ենք վերահսկողությունը. նահանջ այս դաշտում չի լինելու` ոչ մի պատճառաբանությամբ։ Մենք թույլ չենք տալու, որպեսզի առողջության համար վտանգավոր պանիր հայտնվի հայկական ընտանիքների սեղաններին։ Սա մեզ համար անթույլատրելի է, և որևիցե ճնշում այդ առումով մեզ վրա չի ազդելու։ Հակառակը` մենք խստացնելու ենք հսկողությունը սննդի անվտանգության նկատմամբ։ Եվ իմ գործընկերներին խնդրում եմ այսօր հանդիպել ԶԼՄ-ների հետ և մանրակրկիտ պարզաբանումներ տալ, մանավանդ այն տեղեկությունների առումով, որոնք փորձում են խեղաթյուրել իրավիճակը։ Մենք էլ չենք նահանջելու, խստացնելու ենք վերահսկողությունը»։
Նիստում իրենց ղեկավարած նախարարությունների հարկային պարտավորությունների կատարման և տնտեսական աճի ներուժի վերաբերյալ հաշվետվությամբ հանդես են եկել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը (հարց N20) և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը (հարց N21)։
Կբարելավվեն ձեռնարկատիրական գործունեության պայմանները
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով կարգավորվում են խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնները։ Ուսումնասիրվել է այդ համակարգերին միացում կատարելու կամ կատարված միացումները փոփոխելու հարցերը կարգավորող իրավական դաշտը։ Որոշմամբ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը փոփոխվում է` նպատակ ունենալով գործարար միջավայրի բարելավման համատեքստում բարելավել և պարզեցնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունները։ Մասնավորապես, Ջրամատակարարի կայքում տեղադրվելու են համակարգերին միացում կատարելու կամ կատարված միացումների փոփոխության համար գրավոր դիմումի օրինակելի ձևը, պահանջվող փաստաթղթերի ցանկը, պայմանագրերի օրինակելի ձևերը և այլն։ Այդպիսով կբարձրանա հանրային իրազեկվածությունը, կպարզեցվեն գործարար հարաբերությունները, կկրճատվի ծառայության ստացման համար ծախսվող ժամանակը և այլն։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Էներգետիկայի մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ կբարելավվեն ձեռնարկատիրական գործունեություն սկսելու պայմանները, կկրճատվեն ութ բիզնես գործընթաց, արտոնագրի տրամադրման համար պահանջվող փաստաթղթերը, որոշում կայացնելու ժամկետը։
Կառավարության հավանությունն է ստացել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է վերացնել ոլորտում գործունեություն ծավալելու համար տրվող երեք արտոնագիր, էականորեն կրճատել ռադիոհաճախականությունների օգտագործման, համարների կամ կոդերի զբաղեցման թույլտվության տրամադրման փաստաթղթերը։
Վերը նշված ջրամատակարարմանը վերաբերող որոշման և օրենքների նախագծերը կառավարության քննարկմանն է ներկայացրել կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկը` ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհրդի հանձնարարությամբ։ «Այս երեք նախագծերը բավական բուռն քննարկում են անցել,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ - Այժմ մենք պետք է զեկուցող Արմեն Եղիազարյանին լիազորենք, որպեսզի նա Ազգային ժողովում ներկայացնի նոր օրենսդրական նախաձեռնությունները։ Դրանց նպատակն է գիլյոտինի միջոցով վերացնել ավելորդ քաշքշուկը»։ Վարչապետը նաև հանձնարարել է լրատվամիջոցներին ներկայացնել կենտրոնի գործունեության առաջին արդյունքները։
Գործադիրը հավանության է արժանացրել «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծի փաթեթը, որով առաջարկվում է առանձին կատեգորիաների անձանց կենսաթոշակը հաշվարկել փաստացի վճարվող աշխատավարձերից։
Նիստում հավանություն է տրվել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է մասնավորեցման ցանկից հանել այն ընկերությունները, որոնք առավել անհրաժեշտ են պետությանը` իր առջև դրված խնդիրների իրականացման համար։
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Կճշտվեն հակահեղեղային միջոցառումների ծավալն ու արժեքը
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է լրացումներ, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում նախատեսվող հակահեղեղային միջոցառումների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել մոտ 48 մլն դրամ։ Այդպիսի աշխատանք է կատարվելու Ազատ, Մեծամոր, Գեղարքունիք, Արգիճի, Ձորագետ, Արաքս, Կավարտ, Արփա, Աղստև գետերում, Մեծամորի, Խանջյանի, Բռնակոթի, Վերիշենի հեղեղատարներում։
Կառավարությունն իր նիստում համաձայնություն է տվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի նպատակների համար օտարել Արագածոտնի մարզի Թալին, Կաքավաձոր, Ներքին Բազմաբերդ, Արուճ, Շամիրամ համայնքների սեփականություն հանդիսացող հողերը։ Դրանց ձեռքբերողն է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։ Ծրագրի իրականացմամբ կստեղծվեն արդյունավետ ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհներ, կմեծանան առևտրի շրջանառությունն ու մրցակցությունը, առևտրի շուկաները, կնվազի փոխադրումների ծախսը, կզարգանա պետական և ենթատարածաշրջանային տրանսպորտային ցանցը, համայնքներում կստեղծվի նոր աշխատատեղերի հնարավորություն։
Կառավարությունն ընդունել է Արփա-Սևան թունելի առանձին հատվածներում հիմնանորոգման աշխատանքների իրականացման և ֆինանսավորման որոշում, որը թելադրված է նոյեմբեր-հունվար ամիսներին Արփա և Եղեգիս գետերի ջրի նվազագույն ծավալով, ինչը հնարավորություն կտա մինչև ս.թ. դեկտեմբերի 20-ն իրականացնել 180 մլն դրամի շինարարական վերականգնման աշխատանք։ Թունելի հիմնանորոգումն իրականացվում է Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամի աջակցությամբ։ Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել իր նախկին որոշումներից մեկը, որով հստակեցվում են հատուկ կարգավորման օբյեկտ հանդիսացող Սևանա լճի ջրահավաք ավազանի տարածքում իրականացվող քաղաքաշինական գործառույթները։
Նիստում լրացումներ են կատարվել ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն ստեղծելու` ավելի վաղ ընդունված որոշման մեջ։ Մասնավորապես, նորացվել են կենտրոնի ստեղծման ծրագրային մոտեցումները, կարգավորվել է մասնավոր հատվածի ներգրավվածությունն այդ աշխատանքում, սահմանվել է, որ կենտրոնը կարտադրի ռադիոիզոտոպներ, կմատուցի ռադիոլոգիական և լաբորատոր ախտորոշման, վիրաբուժական և քիմիաթերապևտիկ բուժման և մի շարք այլ ծառայություններ։
Կառավարության որոշմամբ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրվել է մրցույթով մասնավորեցնել իր տնօրինության «Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» ԲԲԸ-ն։
ՀՀ քաղաքացիները կհաշվառվեն օտարերկրյա պետության իրենց բնակության վայրի հասցեով
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի պահանջով ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում և սահմանել, որ օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիները պետռեգիստրի հաշվառումից հանվելու փոխարեն պետք է հաշվառվեն օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով։ Որոշմամբ նաև նախատեսվում է ՀՀ տարածքից դուրս վեց ամսվանից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող ՀՀ զինապարտ քաղաքացու հաշվառման գործողությունը կատարել նրա անհատական հաշվառման քարտում տարածքային զինկոմիսարիատի կողմից համապատասխան նշում կատարելուց և քարտը տեղական ռեգիստրում ստանալուց հետո։ Որոշումը կարգավորում է պետռեգիստրի հաշվառման այլ հարցեր ևս։
Կառավարությունն իր նիստում նոր խմբագրությամբ ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կանոնադրությունը, որտեղ հստակեցվել են համալսարանի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները, բուհի գիտխորհրդի և ռեկտորի լիազորությունները։ Կանոնադրության կիրառումը կնպաստի կրթության, գիտահետազոտական աշխատանքի որակի բարելավմանը, ուսումնական ծրագրերի արդիականացմանը։
Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2012 թ. պետբյուջեում, փոփոխություն` ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ պետական կառավարման առանձին մարմինների համար ծառայողական ավտոմեքենաներ ձեռք բերելու նպատակով, ինչը պայմանավորված է պաշտոնատար անձանց սպասարկելու համար նախատեսված 70 տոկոս և ավելի մաշվածություն ունեցող տրանսպորտային միջոցների փոխարինմամբ, հատկացրել է 214 մլն 200 հազար դրամ։
Կառավարության որոշմամբ «Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ին շնորհվել է «ազգային» կարգավիճակ։
Կառավարությունը հավանություն է տվել մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թթ. ծրագրին և միջոցառումների ցանկին։
Սևանի շրջակայքում կհիմնվի նոր անտառաշերտ
ՀՀ կառավարությունը հաստատել է`
- Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման ծրագիրը, դրա կատարման ժամանակացույցը, նոր անտառաշերտի հիմնման տարածքների քարտեզ-սխեմաները, անտառտնկման միջոցառումների տեխնոլոգիական քարտերը, այդ միջոցառումների ծավալաթերթ-նախահաշիվը,
- արտակարգ իրավիճակի և ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման և կառավարման կարգը,
- բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացման ենթակա (ստացված) եկամուտը ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու կարգը,
- Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ «Համակարգային ջրամատակարարման ծրագրով» անցկացված «Մասիս քաղաքի և հարակից չորս գյուղերի ջրամատակարարման համակարգերի վերակառուցում» մրցույթի արդյունքը` հաղթող ճանաչելով «ԱԻՍ» և «Արարատճանշին» ՍՊԸ-ները, որոնք գործում են համատեղ գործունեության կարգով` 1 մլրդ 135 մլն 659 հազար 702 դրամ պայմանագրային արժեքով,
- ազատազրկման վայրում գտնվող անձից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու պայմանները, ինչպես նաև օրգանը և (կամ) հյուսվածքը վերցնելուց հետո ազատազրկման վայրում գտնվող անձի բժշկական օգնության և խնամքի մատուցման պայմանները։
Այլ հարցեր
ՀՀ կառավարությունն ընդունել է 2012 թ. դեկտեմբերի 2-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում։
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության և օտարերկրյա պետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագրի օրինակելի ձևին, որը թելադրված է օտարերկրյա ներդրումների ներգրավումը խթանելու և համաձայնագրերի կնքման արդյունքում առաջացող ռիսկերը կառավարելու անհրաժեշտությամբ։
Կառավարության որոշումներով ստեղծվել են Միավորված ազգերի կազմակերպությունում ՀՀ ներկայացուցչության զինվորական խորհրդատուի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցչի, Բելառուսի Հանրապետությունում և Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանություններին կից ՀՀ զինվորական կցորդների հաստիքներ։
Կառավարությունը որոշել է «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ-ին տալ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման արտոնագիր։
Նիստում մինչև 2013 թ. գարնանային և աշնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել երկու անձի։
Կառավարությունը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում` սահմանելով, որ հուղարկավորությունը կազմակերպած անձի պահանջով գերեզմանատան տնօրինությունը տալիս է մահացածին Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորելու կնքված տեղեկանք։ Այսպիսով կապահովվի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն այն դեպքում, երբ կենսաթոշակառուն մահացել է արտերկրում, սակայն հուղարկավորվել է Հայաստանի Հանրապետությունում։