Լուրեր

Երևանի քաղաքապետարանը և <<ՋիԷնՍի-Ալֆան>> կշարունակեն համագործակցությունը տարբեր ոլորտներում

14.11.2012

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և <<ՋիԷնՍի-Ալֆա>> ընկերության ղեկավարության հանդիպման ժամանակ քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:
Ողջունելով հյուրերին և կարևորելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերի իրականացման գործում մասնավոր ընկերությունների մասնակցությունը՝ քաղաքապետն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստ է քննարկել և աջակցել բոլոր այն ծրագրերին, որոնք կծառայեն բնակչությանը և ուղղված կլինեն մայրաքաղաքի զարգացմանը:<<Երևանի քաղաքապետարանի և <<ՋիԷնՍի-Ալֆա>> ընկերության միջև համագործակցության ընթացքում կյանքի են կոչվել տարբեր նախագծեր, որոնց հաջողվածությունը տեսանելի է: Վստահ եմ, որ մեր փոխշահավետ համագործակցությունը կունենա շարունակական բնույթ՝ ներգրավելով նաև այլ ոլորտներ>>,- նշել է Տարոն Մարգարյանը` ընդգծելով, որ <<ՋիԷնՍի-Ալֆան>> լավ գործընկեր է քաղաքապետարանի համար, նաև պատրատակամություն է հայտնել ընդառաջել և աջակցել հետագա համատեղ ծրագրերում:<<ՋիԷնՍի-Ալֆա>> ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, անդրադառնալով քաղաքապետարանի հետ իրականացրած ծրագրերին, նշել է, որ այժմ ընկերության կողմից մշակվում են փոխշահավետ համագործակցության նոր փաթեթներ:<<Մայրաքաղաքում իրականացվող բարեփոխումները մեզ ևս պարտավորեցնում են սոցիալական և ներդրումային ուղղվածության տարատեսակ ծրագրեր կյանքի կոչել: Առաջիկայում ընկերությունը նախատեսում է զգալի ներդրումներ կատարել Երևանում, մասնավորապես լայնաշերտ ինտերնետի, մալուխային հեռուստատեսության և հեռախոսակապի ծառայությունների ուղղությամբ>>,- նշել է Հայկ Ֆարամազյանը:Հատկանշելով ընկերության կողմից իրականացված ծրագրերի արդյունավետությունը, մասնավորապես մայրաքաղաքում տեղադրված 70 տեսախցիկների համար օպտիկական մալուխի տեղակայման աշխատանքները, արձանների գեղարվեստական լուսավորումը, ինչպես նաև մայրաքաղաքի վեց այգիներում անվճար WiFi կապի ապահովման հարցը, քաղաքապետը տեղեկացրել է.<<2013 թվականին Երևանում նախատեսում ենք նաև նոր ու ավելի մեծ այգիների հիմնում, որոնք ևս ապահովված կլինեն անվճար ինտերնետ կապով: Այս ծրագիրը մեր համաքաղաքացիների շրջանակում լայն արձանգանք է գտնել, և ներկայացվել են մի շարք առաջարկներ>>,- նշել է Տարոն Մարգարյանը:Կողմերը զրուցել են նաև Երևանի մի շարք դպրոցներում լայնաշերտ անվճար ինտերնետ ծառայությունների տրամադրման, ինչպես նաև համագործակցության ընդլայնման այլ ծրագրերի շուրջ հարցեր: Նշենք, որ <<Օգնիր Դպրոցիդ>> կայքի ստեղծման և ներդրման աշխատանքները ևս իրականացվել են քաղաքապետարանի և <<ՋիԷնՍի-Ալֆա>> ընկերության փոխգործակցության արդյունքում:Քաղաքապետի առաջարկությամբ առաջիկայում կձևավորվի համատեղ աշխատանքային խումբ` պայմանավորվածությունները գործնական ծրագրերի վերածելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին