Լուրեր
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում անցկացված կոնֆերանսին
12.11.2012
ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը եւ Վահե Էնֆիաջյանը նոյեմբերի 12-ին հրավիրված մամլո ասուլիսում ամփոփեցին նոյեմբերի 8-9-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում կայացած կոնֆերանսի արդյունքները: Կոնֆերանսը, որտեղ ելույթ է ունեցել նաեւ Մարգարիտ Եսայանը, վերաբերել է «Քաղաքացիական հասարակության զարգացման գործում միջմշակութային կապերի դերին»: Կոնֆերանսին ներկա են եղել ԱՊՀ անդամ բոլոր երկրների խորհրդարանների ներկայացուցիչները՝ բացառությամբ Ադրբեջանի, ինչպես նաեւ հոգեւոր առաջնորդներ: Ընդունվել է 10 կետից բաղկացած բանաձեւ, որը վերաբերել է միջմշակութային երկխոսությանը, Համագործակցության անդամ երկրների ժողովուրդների հոգեւոր արժեքների պահպանությանը, փոխադարձ հանդուրժողականությանը, ժաղովուրդների մշակույթն ու պատմությունը հարգելուն, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության զարգացման գործում միջմշակութային կապերի դերին:
Մարգարիտ Եսայանն իր ելույթում մասնավորապես անդրադարձել է այն քաղաքականությանը, որն այսօր իրականացնում է Ադրբեջանը, թե ինչպես են վերջինիս կողմից ոչնչացվում հայկական մշակութային օջախները, գերեզմանները: Նա անդրադարձել է նաեւ Նախիջեւանի գերեզմանաքարերի ու խաչքարերի, ինչպես նաեւ վերջերս Թուրքիայում հայկական եկեղեցին ավերելու փաստերին:
Վահե Էնֆիաջյանը տեղեկացրեց, որ հայ պատգամավորները ներկայացրել են տարածաշրջանում մշակութային արժեքները բարբարոսաբար ոչնչացվելու վերաբերյալ իրենց մտահոգությունները: Ըստ նրա՝ կոնֆերանսի մասնակիցները համակարծիք են եղել հայկական կողմից նեկայացված զեկույցում արծարծված խնդիրներին: Պատգամավորի խոսքով՝ կոնֆերանսը լավ առիթ էր հայկական կողմի շահերն ու նրա մշակութային արժեքների պաշտպանության խնդիրները ներկայացնելու համար: