Լուրեր
Տրանսպորտային երթուղիները սպասարկող ընկերությունները պարտավոր են սպասարկել նաև ուշ ժամերին
12.11.2012
<<Բոլոր երթուղիներում ուղևորատար տրանսպորտը պետք է աշխատի մրցույթի պայմաններով նախատեսված ժամանակացույցով, նաև օրվա ուշ ժամերին: Երթուղիների սպասարկումը խախտումներով իրականացնող ընկերությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության նոր կնքված պայմանագրերի պահանջներին համապատասխան: Մեր համաքաղաքացիները պետք է ստանան որակյալ սպասարկում>>,- նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ` համապատասխան կառույցներին հանձնարարելով մշտական հսկողություն իրականացնել այս ուղղությամբ:
Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցի համաձայն` մայրաքաղաքում շարունակվում են քաղաքապետարանի 2012թ. շինբարեկարգման ծրագրերով նախատեսված փոսերի նորոգման և ճաքալցման աշխատանքները: Միաժամանակ զեկուցվել է, որ ավարտին են մոտենում քարաթափման և հենապատերի նորոգման ու ամրացման աշխատանքները, ինչի արդյունքում մայրաքաղաքի քարաթափման տեսանկյունից ժամանակին վտանգ ներկայացնող ճանապարհահատվածներն այլևս ապահով են ինչպես երթևեկության, այնպես էլ հետիոտների համար:Կրթության վարչության պետը զեկուցել է, որ մատակարարվող սննդի որակի վերահսկողության, ինչպես նաև դրամահավաքության երևույթները բացառելու նպատակով քաղաքապետի հանձնարարությամբ դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում են ստուգայցերն ու պարբերական խորհրդակցությունները: Անցյալ շաբաթ իրականացված ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների հետևանքով աշխատանքից ազատվել են թիվ 51 դպրոցի և թիվ 60 մանկապարտեզի տնօրենները:
Անդրադառնալով թեժ գծերով ստացված հեռախոսազանգերի արձագանքման ընթացքին` վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում և քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում անցած մեկ շաբաթվա ընթացքում ստացվել է մոտ 100 հեռախոսազանգ, որոնք հիմնականում կրել են կոմունալ-կենցաղային բնույթ: Զեկուցվել է նաև, որ դրանց գերակշիռ մասը լուծում է ստացել:Հանձնարարվել է ուսումնասիրել 16-րդ թաղամասի շենքերի գազիֆիկացման հետ կապված խնդիրները և ներկայացնել նախնական նախահաշիվ՝ ֆինանսական գնահատականով:
Անդրադառնալով մայրաքաղաքի սանմաքրման աշխատանքներին` հանձնարարվել է աշնանային տերևաթափի մաքրման աշխատանքներն իրականացնել մայրաքաղաքի բոլոր հատվածներում՝ ներառելով նաև բակային տարածքները: Հանձնարարվել է նաև հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման նորմին համապատասխան աշխատանքներում ներգրավել նաև տնտեսվարողներին:
Զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն մեկնարկել են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Համատիրությունների կողմից բազմաբնակարան շենքերում իրականացվում են ջրթափ խողովակների նորոգման, շքամուտքերի ապակիների տեղադրման, ներքին ցանցերի ջերմամեկուսացման աշխատանքներ: Զուգահեռաբար ընթացքի մեջ են նաև աղի և ավազի կուտակման աշխատանքները:Քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել վերելակների նորոգման ու սպասարկման համար հատկացվող գումարների նպատակային օգտագործումը:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է չորացած և վնասված ծառերի ու թփերի սանիտարական էտն ու ձևավորումը: Նոյեմբերի 17-ին հայտարարված համաքաղաքային աշնանային ծառատունկի մասով զեկուցվել է, որ ներկրվել են համապատասխան քանակությամբ տնկիներ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի համապատասխան կառույցներին և վարչական շրջաններին հանձնարարել է ապահովել համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը ծառատունկին, ինչպես նաև պատշաճ իրազեկել բոլոր գերատեսչություններին ու կազմակերպություններին` գործընթացն առավել հասցեագրված իրականացնելու համար:
Հանձնարարվել է Երևան քաղաքում ստորգետնյա հաղորդուղիների մասով քանդման-վերականգնման և այլ աշխատանքների իրականացման վերաբերյալ եզրակացությունը տրամադրել միայն տեղում ուսումնասիրություններ կատարելուց հետո: Հանձնարարվել է նաև սահմանել հսկողություն նախկինում տրված տեխնիկական պայմանների նկատմամբ:2013թ. բյուջեի ձևավորման նպատակով հանձնարարվել է քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցների պատասպանատուների մասնակցությամբ կազմակերպել խորհրդակցություններ:
Քաղաքապետը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել ազատամարտիկների և վետերանների ընտանիքներին գույքահարկի արտոնություն տրամադրելու վերաբերյալ: Հանձնարարվել է քննարկել և առաջարկություն ներկայացնել Նկարիչների միության անդամ նկարիչների արվեստանոցներին նույնպես գույքահարկի արտոնություն տրամադրելու վերաբերյալ:
Զեկուցվել է, որ արդեն ընթացքի մեջ են նաև մայրաքաղաքի ամանորյա տոնական տեսքի ձևավորման ուղղությամբ աշխատանքները: Առաջարկություններ են մշակվում ձևավորման որոշակի չափորոշիչներ սահմանելու վերաբերյալ: