Լուրեր
«Միացյալ Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ Անդրեյ Կլիմովը հանդիպեց ԱԺ պատգամավորների հետ
12.11.2012

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀԿ խմբակցությունից Վոլոդյա Բադալյանը, Ռազմիկ Զոհրաբյանը եւ ԲՀԿ խմբակցությունից Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանն ու Մերուժան Սիմոնյանը նոյեմբերի 12-ին հանդիպեցին Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդի անդամ, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության արտաքին կապերի ղեկավար Անդրեյ Կլիմովի հետ:
Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի փոխնախագահը կուսակցությունների միջեւ երկխոսությունն ու համագործակցությունը բնորոշեց որպես լավ նախադրյալ երկու երկրների միջեւ հարաբերություններն ավելի ամրապնդելու, քաղաքական ու տնտեսական մակարդակներում նոր արդյունքների հասնելու համար: Ինչպես նշեց Հերմինե Նաղդալյանը, Հայաստանը Ռուսաստանին դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր՝ հավալելով, որ փոխըմբռնումն ու փոխզիջումը պետք է առաջնորդեն երկու երկրներին բոլոր հարաբերություններում, հատկապես՝ միջազգային կառույցներում: Որպես Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ՝ նա անդարդարձավ կառույցի առաջիկա անելիքներին, մասնավորապես առաջիկայում նախատեսվող նիստի օրակարգային հարցերին: Բանախոսն արդյունավետ համարեց ինչպես այդ, այնպես էլ անվտանգության հարցում երկու երկրների փոխգործակցության մակարդակը: Անդրեյ Կլիմովի խոսքերով՝ Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունն ու երկխոսությունը, նաեւ՝ վերջինիս գործընկերային դիրքորոշումները միջազգային տարբեր կառույցներում ու հարթակներում: Խոսելով Եվրասիական միությունից ու տնտեսական համագործակցությունից՝ «Միացյալ Ռուսաստան»-ի ներկայացուցիչը տեղեկացրեց Բրյուսելում այս հարցին նվիրված քննարկումներ նախատեսելու մասին՝ հավելելով, որ Ռուսաստանն առաջնորդվելու է ոչ միայն սեփական շահերով, այլ նաեւ պաշտպանելու է իր ռազմավարական գործընկերների հետաքրքրությունները:
Երկու կուսակցությունների հետ «Միացյալ Ռուսաստան»-ի համագործակցությունը բարձր գնահատեցին Տիգրան Ուրիխանյանը եւ Արտակ Զաքարյանը: Վերջինս կուսակցությունների մակարդակով շփումները համարեց ամենակայունը, նաեւ ընդգծեց միմյանց շահերը համաձայնեցված պաշտպանելու եւ վերջերս հաջողությամբ իրականացվող խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համագործակցելու կարեւորությունը: Հանձնաժողովի նախագահը հյուրի ուշադրությունը հրավիրեց տարածաշրջանային համագործակցության վրա՝ ակնկալելով, որ այստեղ առկա նուրբ խնդիրները եւս կարժանանան աջակցության:
Անդրեյ Կլիմովն իր արձագանքում հաստատեց Ռուսաստանի մեծ հետաքրքրությունն այս տարածաշրջանում:
Տիգրան Ուրիխանյանը, միջկուսակցական շփումները կարեւոր նախաձեռնություն համարելով, ջանքերը շարունակելու եւ համագործակցության նոր հարթակներ ձեւավորելու պատրաստակամություն հայտնեց: