Լուրեր
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների գնահատման և վերլուծության արդյունքները
12.11.2012
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ըստ այդմ, սեպտեմբեր ամսին բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան և Կենտրոն վարչական շրջանները: Հոկտեմբեր ամսվա արդյունքներով առաջին երկու տեղերն զբաղեցրած վարչական շրջանները մնացել են անփոփոխ, իսկ երրորդ հորիզոնականը կիսել են Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ երկու ամիսների ընթացքում արձանագրել են Քանաքեռ-Զեյթուն և Նուբարաշեն վարչական շրջանները:Սեփական եկամուտների հավաքագրման, մասնավորապես աղբահանության վարձավճարների գանձման ուղղությամբ քաղաքապետը հանձնարարել է առավել հետևողական լինել և աշխատանքներ տանել ավելի բարձր ցուցանիշներ ապահովելու ուղղությամբ:
<<Համայնքային շատ ծրագրերի իրականացումը պայմանավորված է հենց սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներից: Մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում աշխատանքների կամզակերպման արդյունավետության հետևողական բարձրացման վրա>>,- նշել է Տարոն Մարգարյանը:Հատկանշական է, որ նախորդ ամսվա ընթացքում տարատեսակ մշակութային միջոցառումների կազմակերպման և պատշաճ անցկացման համար վարչական շրջաններում գրացվել են բարձր ցուցանիշներ, ինչի կապակցությամբ քաղաքապետն իր գոհունակությունն է հայտնել:
Տարբեր ոլորտներում երկու ամիսների հետևողական և արդյունավետ աշխատանքի շնորհիվ աղյուսակային ընդհանուր սանդղակում աճողական արդյունքներ են գրանցել Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները:Անդրադառնալով գնահատման և վերլուծության արդյունքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները` առավելագույն արդյունքներ ու, հետևաբար, բարձր ցուցանիշներ ապահովելու համար։ Քաղաքապետը նաև հիշեցրել է, որ վարչական շրջանների աշխատանքի գնահատման և վերլուծության ցուցանիշների կիսամյակային ամփոփման արդյունքներով լավագույն ցուցանիշներ արձանագրած վարչական շրջանների աշխատակազմերը կխրախուսվեն: