Լուրեր
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին
07.11.2012
Նոյեմբերի 7-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:
Օրենքի նախագծով, ինչպես ներկայացրեց հիմնական զեկուցողը՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, վարչական պատասխանատվություն է նախատեսվում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնող կազմակերպությունների կողմից զննություն անցած պաշտպանության նպատակով ներգրավվող տրանսպորտային միջոցների եւ դրանց տեխնիկական վիճակի վերաբերյալ տվյալները, ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների կողմից վարժական հավաքներին, հրամանատարաշտաբային, շտաբային վարժանքներին կամ զորախաղերին ներգրավված տրանսպորտային միջոցները համապատասխան զինվորական կոմիսարիատ ժամանակին եւ սահմանված ձեւով չներկայացնելու համար: Միաժամանակ վարժական հավաքներից, հրամանատարաշտաբային, շտաբային վարժանքներից կամ զորախաղերից խուսափած քաղաքացիների եւ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող մարմիններ են սահմանվում զինվորական կոմիսարները:
Նախագծի ընդունումը կապահովվի գործող իրավական ակտերի պահանջների կատարումը, կնպաստի զորահավաքային նախապատրաստության միջոցառումների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը:
Հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանն առաջարկեց վարչական պատասխանատվություն սահմանել ոչ միայն ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների պաշտոնատար անձանց, այլեւ բոլոր կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց համար, ովքեր «Պաշտպանության մասին» օրենքով՝ ծանուցագրերի հիման վրա տրանսպորտային միջոցները ժամանակին եւ սահմանված վայր ներկայացնելու պարտականություններ ունեն:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը հավաստիացրեց, որ առաջարկը կքննարկվի կառավարությունում եւ հավանության արժանանալու դեպքում մինչեւ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կներառվի նախագծում:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագծին առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:
Հանձնաժողովը քննարկեց նաեւ 2013 թվականի ՀՀ պետական բյուջեի՝ պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության եւ հիմնավորվածության մասին հարցը եւ տվեց դրական եզրակացություն: Հանձնաժողովի անդամները բյուջեի վերաբերյալ առաջարկներ չունեին:
Նույն օրը ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ քննարկեց «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված տարածքային կառավարման մարմինների ֆինանսավորման եւ համայնքներին դոտացիաներ տրամադրելու վերաբերյալ առաջարկությունների հարցը:
Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը բյուջեի վերաբերյալ առաջարկներ չի ստացել ոչ համայնքներից, ոչ պատգամավորներից:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկեց ՀՅԴ պատգամավորների հեղինակած «Կրթության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ առաջարկող նախագծերի փաթեթը: Փոփոխությունը խմբագրական բնույթի է. մասնավորապես առաջարկվում է «Նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում «սահմանամերձ եւ բարձր լեռնային» բառերը փոխարինել «սահմանամերձ կամ բարձր լեռնային» բառերով, իսկ նույն օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ կետում «ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձր լեռնային» բառերը՝ «սահմանամերձ, ինչպես նաեւ բարձր լեռնային» ձեւակերպմամբ: Ինչպես ներկայացրեց նախագծի համահեղինակ Աղվան Վարդանյանը, նշված հոդվածների թյուրընկալման նախադեպեր են եղել, ուստի ուղղում կատարելու անհրաժեշտություն է առաջացել:
Քվեարկության արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծերի փաթեթին՝ ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար:
«Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկումը հեղինակների՝ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչների առաջարկով հետաձգվեց մինչեւ մեկ տարի ժամկետով:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ նոյեմբերի 7-ին ամփոփեց «2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ արտաքին հարաբերությունների ոլորտին վերաբերող քննարկումների արդյունքները:
Հանձնաժողովի անդամները բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացրել: