Լուրեր
ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվեցին «ՀՀ 2013թ. պետական բյուջեի մասին» նախագծի քննարկումները
06.11.2012
Նոյեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված ֆինանսավորումը արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկ համակարգի եւ բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի ոլորտներին, ինչպես նաեւ՝ նախագծով նախատեսված եկամուտների ձեւավորումը, հարկային եւ մաքսային քաղականությունը:
Հանձնաժողովների առաջին համատեղ նիստում ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ամփոփ ներկայացրեց վերը նշված ոլորտների ֆինանսավորման ընդհանուր պատկերը, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը մանրամասն անդրադարձան համապատասխան ոլորտների համար նախատեսվող ֆինանսական հատկացումներին ու ծախսերին:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 841 մլն դրամ, որը 344 մլն դրամով ավել է 2012 թ. կրամադրվածից: Ընթացիկ ծախսերին հատկացված միջոցներն ուղղվելու են հետեւյալ ծրագրեր իրականացմանը. «Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին» ծրագրին՝ 150 մլն դրամ, «Զբոսաշրջության աջակցության ծառայություններ» ծրագրին՝ 50 մլն դրամ, «Ստանդարտների մշակման ծառայություններ» ծրագրին՝ 14,3 մլն դրամ, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայություններ» ծրագրին՝ 80 մլն դրամ, «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացում» ծրագրին՝ 164 մլն դրամ, «Պետական աջակցություն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացմանը» ծրագրին՝ 264 մլն դրամ, «ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցություն» ծրագրին՝ 300 մլն դրամ, «Հավատարմագրման համակարգի բարեփոխում եւ հավատարմագրման ազգային մարմնի ստեղծում» ծրագրին՝ 14 մլն դրամ: Միաժամանակ նախատեսվում է շարունակել եւ իրականացնել նպատակային մի շարք ծրագրեր:
Էներգետիկայի եւ բնական պաշարների ոլորտին նախատեսվում է հատկացնել 15 մլրդ 615 մլն դրամ` 2012 թվականի պետական բյուջեով հաստատված 12 մլրդ 467 մլն դրամի դիմաց: Ընթացիկ ծախսերը կկազմեն 752 մլն դրամ: Դրանք ուղղվելու են «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման ծառայություններ» եւ «Ընդերքի մասին տեղեկատվության տրամադրման ծառայություն» ծրագրերին: Ոլորտում նախատեսվում են իրականացնել նաեւ հետեւյալ նպատակային վարկային եւ դրամաշնորհային ծրագրերը՝ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման ծրագիրը, Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականցվող «Գյումրի-2» ենթակայանի վերականգնման ծրագիրը, Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականցվող Որոտանի հիդրոէլեկտրոկայանների համալիրի վերականգնման ծրագիրը, Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագիրը, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Էներգախնայողության դրամաշնորհային ծրագիրը:
Տրանսպորտի եւ կապի ոլորտների համար նախատեսված է 85 մլրդ դրամ` ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով հաստատված 73 մլրդ դրամի դիմաց:
Ընթացիկ ծախսերը կկազմեն 15 մլրդ դրամ: Դրանք ուղղվելու են «Ավտոճանապարհների պահպանում եւ շահագործում», «Մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանում, ընթացիկ պահպանում եւ շահագործում», «Հեռահաղորդակցության եւ կապի կանոնակարգման ծառայություններ», «ՀՀ հսկիչ սարքերի (թվային տախոգրաֆի) համակարգի ստեղծում եւ ներդրում», «Երկաթուղու շինարարություն» ՓԲԸ-ին սուբսիդիայի տրամադրում», «ՀՀ համայնքային բյուջեներին նպատակային հատկացումների, սուբվենցիաների տրամադրում», «Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում» ծրագրերի իրականացմանը:
Ոչ ֆինանսական ակտիվների գծով նախատեսվել է 4 մլրդ դրամ: Դրանք կուղղվեն «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում», «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» ծրագրերի իրականացմանը:
Միաժամանակ ոլորտում շարունակվելու են նպատակային վարկային ծրագրերը:
ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի պահպանման համար նախատեսվում է 515 մլն դրամ` 2012 թվականի համար հաստատված 494 մլն դրամի դիմաց;
«Կրթական հաստատությունների հիմնանորոգում եւ շինարարություն» ծրագրով նախատեսվում է 6,4 մլրդ դրամ: Շենքերի հիմնանորոգման եւ կառուցման աշխատանքներ կիրականացվեն թվով 89 կրթական հաստատություններում: Մասնավորապես «Կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով նախատեսված 4,8 մլրդ դրամի շրջանակներում կիրականացվեն 71 օբյեկտների հիմնանորոգման աշխատանքներ, որից 26-ի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2013 թվականին: «Կրթական օբյեկտների շինարարություն» ծրագրով նախատեսված 993 մլն դրամի շրջանակներում կիրականացվեն թվով 10 օբյեկտների շինարարական աշխատանքներ, որից 3-ի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2013 թվականին, «Ավագ դպրոցների շենքերի հիմնանորոգում» ծրագրով նախատեսված 542,7 մլն դրամի շրջանակներում կիրականացվեն 7 օբյեկտների հիմնանորոգման աշխատանքներ, որից 2-ի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2013 թվականին: «Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հիմնանորոգում» ծրագրով ծախսեր նախատեսվել են 1 օբյեկտի հիմնանորոգման աշխատանքները շարունակելու համար` 50 մլն դրամի չափով: «Մարզական օբյեկտների հիմնանորոգում եւ շինարարություն» ծրագրի համար նախատեսվում է 341 մլն դրամ, իսկ «Հուշարձանների ամրակայում, նորոգում եւ վերականգնում» ծրագրի համար՝ 215 մլն դրամ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կհատկացվի 523 մլն դրամ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին հատկացվող գումարների 90 տոկոսը աշխատավարձերի ֆոնդն է կազմում՝ 200 մլն դրամի սահմաններում:
ՀՀ անշարժ գույքի կադաստրում իրականացվող քաղաքականությունը 2013թ. ուղղված է լինելու Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման համակարգի զարգացմանը խոչնդոտող գործոնների վերացմանն ու զարգացող տեղեկատվական հասարակության նորանոր պահանջները բավարարելու ունակ համակարգի ձեւավորմանը: Արդյունքում հնարավոր կլինի զգալիորեն պարզեցնել իրավունքների պետական գրանցման եւ տեղեկատվության տրամադրման ընթացակարգերը:
Հանձնաժողովների երկրորդ համատեղ նիստում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրեց բյուջեի նախագծով նախատեսված եկամուտների ձեւավորումը, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը՝ հարկային եւ մաքսային քաղականությունը, ոլորտում իրականացվող վարչարարությունն ու բարեփոխումները:
«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 1տրիլիոն 31 մլրդ դրամի չափով՝ ընթացիկ տարվա համեմատությամբ 13 տոկոսով ավելի: Ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 151 մլրդ դրամ:
2013 թվականի բյուջետային եկամուտների կազմում մեծ տեսակարար կշիռ կունենան հարկերը եւ պետական տուրքերը` 96.25%, պաշտոնական դրամաշնորհները եւ այլ եկամուտները կապահովեն տարեկան բյուջետային եկամուտների համապատասխանաբար 1,59%-ը եւ 2,16%-ը:
Հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2013 թվականի համար ծրագրվել են 992.9 մլրդ դրամի չափով` ՄԺԾԾ-ով նախատեսված 961.9 մլրդ դրամի դիմաց:
Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից 2013 թվականին ակնկալվում է ստանալ 16,4 մլրդ դրամի չափով պաշտոնական դրամաշնորհներ:
Այլ եկամուտների մասով մուտքերը 2013 թվականի համար ծրագրվել են 22,3 մլրդ դրամի չափով:
ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծի ծախսային մասը ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի հաստատված մակարդակի համեմատ ավելացել է շուրջ 107 մլրդ դրամով:
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ավարտվեցին «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» նախագծի քննարկումները: