Լուրեր
Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
06.11.2012
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարավետ ու խաղային ատրակցիոններով կահավորված հերթական բակերը: Հանգստի փոքրիկ այս գոտիների բացմամբ 2012թ. ծրագրով բարեկարգված երևանյան բակերի թիվը հասավ շուրջ 400-ի:Հատկանշական է, որ Բաբաջանյան 6 շենքի բնակիչները ևս սիրով են արձագանքել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին, և շահագործման հանձնված բակային նոր տարածքը հիմնականում կառուցվել է նախկինում ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղում. <<Ողջունելի է, որ բնակիչները ևս իրենց մասնակցությունն են ունենում բակերի բարեկարգման ծրագրերին: Բարեկարգ բակ ունենալու համար, նրանք իրենց ձեռքով քանդում են ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքները, անգամ լինում են դեպքեր, երբ իրենց ցանկությամբ տեղափոխում են նաև ավտոտնակները>>,- նշել է քաղաքապետը:Տարոն Մարգարյանը շրջել է բակում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ:
Բակի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին` ընդգծելով, որ երկար տարիներ են սպասել իրենց երեխաների համար խաղահրապարակ ու միաժամանակ հանգստի գոտի ունենալուն, և այսօր այդ երազանքն իրականություն է դարձել: Բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալապատվել են ճեմուղիները, տեղադրվել են նստարաններ, զրուցարաններ, փոքրիկների համար հարմարավետ ժամանակակից խաղային ատրակցիոններ:
Բ 4 թաղամասի Օհանովի 66, 68 և 70 շենքերի բակը ևս կառուցվել է նախկինում ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղում: Դեռևս ամիսներ առաջ անխնամ այս տարածքի փոխարեն այսօր վառ գույներով ձևավորված բակ է՝ լի խաղացող բազմաթիվ փոքրիկներով:Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բակերի բարեկարգման աշխատանքներն իրականացվել են, ինչպես համայնքային միջոցների հաշվին, այնպես էլ մասնավոր ներդրողների մասնակցությամբ, ինչը ևս քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է. <<Ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի ավագանու անդամ Արթուր Պետրոսյանին, ով, ապրելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի այս բակում, իր մասնակցությունն է ունեցել բակի բարեկարգման հարցում: Քաղաքապետարանը միշտ բաց և պատրաստակամ է համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են իրենց լուման ունենալ Երևանի բարեկարգման գործում>>,- նշել է Տարոն Մարգարյանը:Օհանովի 66, 68 և 70 շենքերի բակում ևս քաղաքապետը զրուցել է բակի բնակիչների հետ, լսել նրանց կարծիքները, առաջադրվող խնդիրներն ու ներկայացրել իր մոտեցումները: Տարոն Մարգարյանը շեշտել է, որ քաղաքապետարանի նախաձեռնած <<Բարեկարգ Երևան>> ծրագրի շրջանակում պետք է բարեկարգվեն երևանյան բոլոր բակերը.<<Մայրաքաղաքի համաչափ զարգացման ապահովման շրջանակում մենք մեր առջև խնդիր ենք դրել առաջիկա տարիների ընթացքում բարեկարգել երևանյան բոլոր բակերը: Միայն այս տարվա ընթացքում մենք արդեն շուրջ 400 բարեկարգված բակ ենք հանձնել մեր բնակիչներին: 2013թ-ի բյուջեում ևս նախատեսելու ենք բակերի համալիր բարեկարգման աշխատանքներ: Եթե ծրագրի սկզբում մեր համաքաղաքացիները թերահավատորեն էին մոտենում այս աշխատանքների ավարտին, ապա այսօր անհամբերությամբ են սպասում հերթական բակի բացմանը>>,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնակիչներին ևս առաջարկելով մասնակից դառնալ Երևանի բարեկարգմանն ու գեղեցկացմանն ուղղված քաղաքապետարանի նախաձեռնություններին: