Լուրեր

Երևանի քաղաքապետարանի և <<Յուքոմ>> ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

06.11.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և <<Յուքոմ>> ընկերության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ քննարկվել է քաղաքապետարանի և մասնավոր հատվածի միջև քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների շրջանակում առկա համագործակցությունն ու ընդլայնման հնարավորությունները։
<<Ողջունելի է, որ Երևանի քաղաքապետարանի և <<Յուքոմ>> ընկերության միջև համագործակցության արդյունքում ստացված առաջին նախագիծը հաջողությամբ ավարտվեց։ Դպրոցների վերազինումը նոր տեխնոլոգիաներով և համացանցի հասանելիությունը ժամանակի պահանջն է։ Համոզված եմ, որ փոխգործակցությունը կունենա շարունակական բնույթ>>,- նշել է Տարոն Մարգարյանը։
Ներկայացնելով մայրաքաղաքի համաչափ զարգացման քաղաքականությունը` քաղաքապետն առանձացրել է վարչական բոլոր շրջանների մարդաշատ վայրերում` մասնավորապես այգիներում և պուրակներում, անվճար ինտերնետի ապահովման ծրագրի ընդլայնումը։
<<2013 թվականի ծրագրերում մենք նախատեսում ենք նոր այգիների հիմնել ու, նաև բնակիչների առաջարկություններից և ցանկություններից ելնելով, WiFi համակարգերի միջոցով ապահովել դրանք ինտերնետ ծածկույթով>>,- հատկանշել է Տարոն Մարգարյանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` <<Յուքոմ>> ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է, որ քաղաքապետարանի աջակցությամբ ընկերությունն ակնկալում է նոր համատեղ ծրագրերի իրականացում։
<<Մենք պատրաստ ենք մայրաքաղաքում կատարելու նոր ներդրումներ, որոնք կնպաստեն ինչպես մայրաքաղաքի զարգացմանը, այնպես էլ կծառայեն բնակչությանն կյանքն առավել հարմարավետ դարձնելուն>>,- նշել է Հայկ Եսայանը։
Համագործակցության ընդլայնման, սփյուռքի և Երևանի դպրոցականների, ինչպես նաև ուսուցիչների միջև շփման նոր հարթակի ձևավորման, փորձի փոխանակման ու համատեղ այլ ծրագրերի իրականացման համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու <<Յուքոմ>> ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով ընկերությունը մայրաքաղաքի ևս 15 դպրոցներում կատարելու է համապատասխան ներդրում` ապահովելու տեխնիկապես հագեցած լսարաններ։

← Վերադառնալ ցուցակին