Լուրեր

Բ-3 թաղամասի թիմը դարձել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի միջբակային ֆուտբոլի առաջնության հաղթող

06.11.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի միջբակային ֆուտբոլի ամենամյա առաջնության եզրափակիչ խաղին:Խաղի հիմնական ժամանակում հաղթողի կոչումը վիճարկող Բ-3 և Ծերենց թիմերի անզիջում պայքարն ավարտվել է առանց գոլերի: Հաղթողը որոշվել է հետխաղյա 11-մետրանոց տուգանային հարվածներով, որում ավելի դիպուկ են եղել Բ-3 թաղամասի ֆուտբոլիստները:Առաջնության հովանավորներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը և Կորյուն Նահապետյանը պարգևատրել են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերի ֆուտբոլիստներին, իսկ 4-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմին խրախուսական պարգևներ է հանձնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը:Մինչ հաղթող թիմի պարգևատրումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է առաջնության բոլոր մասնակիցներին և ընդգծել, որ բակային ֆուտբոլի խրախուսումը հենց այն մեկնակետն է, որտեղից էլ պետք է զարգանա հայկական ֆուտբոլը:<<Կարծում եմ դուք արդեն համոզվել եք, որ մեզ համար սպորտի զարգացումը առաջնային նպատակներից մեկն է, և ըստ այդմ բակերի բարեկարգման ծրագրերի շրջանակում հնարավոր վայրերում մենք կահավորում ու բնակիչների տնօրինմանն ենք հանձնում նաև ֆուտբոլի մինի դաշտեր: Համոզված եղեք, որ այս մոտեցումը լինելու է շարունակական, և ես վստահ եմ, որ դրա արդյունքում տարիներ անց մենք կունենանք միջազգային ասպարեզներում առավել արժանապատիվ խաղ ցուցադրող հրաշալի հավաքական>>, - նշել է քաղաքապետը:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի միջբակային ֆուտբոլի ամենամյա առաջնության հաղթող թիմի անդամներին պարգևատրել է ոսկե մեդալներով ու նրանց է փոխանցել առաջնության գավաթը:

← Վերադառնալ ցուցակին