Լուրեր
Քննարկվել է 2012-2013թթ. ձմռան նախապատրաստական ծրագիրը
06.11.2012
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել է 2012-2013թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքների ծրագիրը: Խորհրդակցությանը մասնակցել են քաղաքապետարանի համապատասխան վարչությունների և մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերը, սանսեկտորների և կանաչապատման ձեռնարկությունների տնօրենները, ինչպես նաև կենսապահովման ոլորտի կառույցների ղեկավարները:Կամո Արեյանը նշել է, որ ձմռան ամիսներին աշխատանքները բոլոր ուղղություններով անհրաժեշտ է կազմակերպել հնարավորին արագ ու արդյունավետ, որպեսզի բնակիչներն այս կամ այն հարցի հետ առնչվող որևէ խնդրի չբախվեն: Վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերին հանձնարարվել է մեկշաբաթյա ժամկետում վերացնել մեքենամեխանիզմների հնարավոր թերությունները և դրանք բերել կազմ ու պատրաստ վիճակի`զուգահեռաբար շարունակելով աղի ու ավազի համապատասխան խմբաքանակի ներկրումն ու կուտակումը:
Նշվել է, որ մայրաքաղաքի փողոցների, բակերի ու այգիների մաքրման աշխատանքներին այս տարի ևս, բացի քաղաքապետարանի և վարչական շրջանների տեխնիկական ու մարդկային ռեսուրսներից, կներգրավվեն նաև շինարարարական կազմակերպությունների ուժերը: Իսկ կանաչապատման ձեռնարկությունների աշխատակիցները ձմռանը կաջակցեն մայթերի, այգիների ու պուրակների մաքրման գործընթացին: Վարձակալական հիմունքներով կձևավորվեն նաև առանձին աշխատանքային խմբեր:Ամբողջ գործընթացը կվերահսկի Երևանի քաղաքապետի որոշմամբ նախորդ տարի ձևավորված օպերատիվ շտաբը, որին հանձնարարվել է արագ արձագանքել բնակիչների հնարավոր ահազանգերին` սերտ համագործակցելով նաև <<Երևան Գազ>>, <<Երևան Ջուր>> և <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ընկերությունների դիսպետչերական ծառայությունների հետ: Վերջիններիս ղեկավարները ներկայացրել են ձմռան ամիսներին անխափան աշխատանք ապահովելու ուղղությամբ մինչ օրս ձեռնարկված և առաջիկա օրերին նախատեսվող աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Կամո Արեյանը կենսապահովման ոլորտի ձեռնարկությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է կրթադաստիարակչական կազմակերպությունների և առողջապահական ձեռնարկությունների բնականոն աշխատանքի անխափան ապահովման վրա՝ հատկանշելով, որ այդ ուղղությամբ բոլոր անելիքները պետք է ավարտվեն մինչև ձյան տեղումները: Վարչական շրջանների համապատասխան բաժինների ղեկավարներին հանձնարարվել է կարճ ժամկետում ավարտել շենք-շինությունների ջերմամեկուսացումը, իսկ համատիրությունների միջոցով՝ նաև կոտրված ապակիների նորերով փոխարինումը: