Լուրեր
«Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են
05.11.2012
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Էլինար Վարդանյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ նոյեմբերի 5-ին քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված՝ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսավորման հարցը:
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը պատգամավորներին ներկայացրեց այս ոլորտում ֆինանսական հոսքերը: Նա նշեց, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կառավարություն ներկայացրած հայտով խնդրել է 2013 թ. բյուջեից միջոցներ հատկացնել 4 լրացուցիչ հաստիքների համար. ՄԻՊ աշխատակազմի ֆինանսավորման համար ծրագրված ու վերջինիս կողմից պահանջվող միջոցների տարբերությունը կազմում է մոտ 12 մլն դրամ:
ՄԻՊ աշխատակազմում նախատեսվող 4 նոր հաստիքների եւ լրացուցիչ ֆինանսավորման հարցը պարզաբանեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նա նշեց, որ յուրաքանչյուր տարի ՄԻՊ աշխատակազմի ֆինանսավորման համար պետբյուջեով նախատեսվող միջոցներն ավելանում են միջինը 10 մլն դրամով, այս տարի իրենք կառավարությունից խնդրում են 2013 թ. բյուջեով նախատեսել 176 մլն դրամ:
Պատգամավորները հարցերի միջոցով հիմնավորումներ ստանալուց հետո կարծիք հայտնեցին, որ ՄԻՊ գրասենյակի կողմից կառավարությանը ներկայացված հաստիքները բավարարման ենթակա են, եւ կարիք կա, որ վերջինս նախատեսի դրանք 2013 թ. պետական բյուջեում:
Նույն օրը Արտակ Զաքարյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որտեղ ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված ԱԳՆ ֆինանսավորումը: Այն կկազմի 10 մլրդ 557 մլն դրամ, որը 2012 թ.-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավել է մոտ 1 մլրդ 420 մլն դրամով: ԱԳՆ ապարատի ավելացումները կազմել են 1 մլրդ 175 մլն դրամ: Նախարարության պահպանման ծախսերը 2013 թ.-ին ծրագրավորված է 1 մլրդ 279 մլն դրամի չափով: Ըստ Պավել Սաֆարյանի՝ 919 մլն դրամի չափով ավելացել են ՀՀ դեսպանություններին եւ ներկայացուցչություններին հատկացվող ծախսերը՝ կազմելով մոտ 7 մլրդ 611 մլն դրամ: Ծախսերի աճը պայմանավորված է նոր բացվող դեսպանություններով:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց 2013 թ.-ի այն ծրագրերը, որոնք կիրականացնի ԱԳՆ-ը: Նախարարի տեղեկացմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը հետեւողականորեն շարունակելու է իր ակտիվ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ: 2013 թ. մայիսին Հայաստանը նախագահելու է Եվրոպայի խորհրդում, իսկ հուլիսին՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում: Էդվարդ Նալբանդյանի տեղեկացմամբ՝ եկող տարի Հայաստանում տեղի է ունենալու Արեւելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների եւ Եվրամիության ներկայացուցիչների հանդիպումը: Շարունակվելու է դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրական նարկայացվածության ընդլայնման քաղաքականությունը. եկող տարի դեսպանություններ կբացվեն Մեքսիկայում, Ինդոնեզիայում եւ Վիետնամում: Հայաստանը կփորձի դեսպանություն բացել նաեւ Շվեդիայում, որի որոշումը կայացվել է մեկ տարի առաջ: 2013 թ.-ին շարունակվելու է ՀՀ արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնահարցերի լուսաբանման եւ քարոզչական աշխատանքների ակտիվացումը: Ըստ նախարարի՝ շարունակվելու է նաեւ արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններով արտասահմանյան լսարանի համար նախատեսված հրապարակումների իրականացումը: Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ՝ լրացուցիչ աշխատանքներ են իրականացվելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային հանրության տեղեկացվածությունն ավելի մեծացնելու նպատակով: Անդրադառնալով ԱԳՆ համակարգում 2010 թ.-ից սկսված հյուպատոսական բարեփոխումներին՝ Էդվարդ Նալբանդյանը նկատեց, որ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման արդյունքում, մասնավորապես ստեղծելով էլեկտրոնային հյուպատոսարան համակարգը, հնարավոր է եղել բարձրացնել արտերկրում մեր հայրենակիցներին տրամադրվող ծառայությունների որակը, ինչպես նաեւ բարելավել հյուպատոսություններում սպասարկումների եւ քաղաքացիների ընդունելության պայմանները: Արտգործնախարարը տեղեկացրեց, որ 2013 թ.-ին նույնպես շարունակվելու են ոլորտի արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները. նախարարությունը կփորձի բոլոր հյուպատոսություններում ներդնել ՀՀ քաղաքացիների նոր կենսաչափական անձնագրերի ձեւակերպումների համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները, որոնցով ներկայումս համալրված են միայն առավել ծանրաբեռնված 15 ներկայացուցչություններ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ԱԳՆ նախաձեռնած բարեփոխումների արդյունքում այսօր նախարարությունում գործում է գերժամանակակից կապի համակարգ, որի ներդրման համար բյուջեից լրացուցիչ ծախս չի կատարվել:
ԱԳՆ-ն 96 միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների եւ ԱՊՀ կառույցների անդամակցային վճարումներ է կատարում. 2013 թ.-ին կկատարվեն տարեկան վճարումներ, ինչպես նաեւ՝ նախորդ տարիներից կուտակված պարտքի մասնակի մարում:
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որը վարում էին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, քննարկվեցին «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում ընդգրկված եվրոպական ինտեգրման հարցերին վերաբերող ֆինանսական հատկացումներն ու նախատեսված ծրագրերը:
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրեց ոլորտի ֆինանսական հատկացումները, նշելով, որ ոլորտի մի շարք ծրագրերի իրականացման համար պետական բյուջեի նախագծով հատկացվելու է շուրջ 298,3 մլն դրամ: Մասնավորապես ՝ 140 մլն դրամ հատկացվելու է Բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումների գծով կրթության Ազգային ինստիտուտին, ինչն այս տարվա հատկացումից ավելի է 50 մլն դրամով: Ավելացումը կապված է Հայաստանի Հանրապետության կողմից Բոլոնիայի քարտուղարության ստանձնման հետ: 122 մլն դրամ հատկացվելու է ԵՄ օրենսդրությունը հայերեն թարգմանելու գործին: 36 մլն դրամ նախատեսված է հատկացնել ԵՊՀ-ում գործող «Եվրոպական իրավունքի ինտեգրման կենտրոնի պետական աջակցություն կենտրոնին»՝ պահպանման ծախսերի համար: Բյուջետային հատկացումներից բացի՝ ոլորտ կուղղվեն նաեւ մի շարք դրամաշնորհներ, որոնք հատկացնելու է Եվրամիությունը:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ոլորտում 2013 թվականի համար նախատեսված ծրագրերը: Ընդգծելով Եվրամիության հետ հարաբերությունների բարձր դինամիկան՝ ԱԳ նախարարն ասաց, որ զգալի առաջընթաց է արձանագրվել 2010 թվականի հուլիսից մեկնարկած Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում: Խորը եւ համապարփակ առեւտրի ազատ գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցությունները մեկնարկել են այս տարվա հունիսին, երկու փուլերի արդյունքում արդեն որոշակի առաջընթաց է արձանագրվել: Ավարտվել են Վիզային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի շուրջ բանակցությունները, որոնք նախաստորագրվել են այս տարվա հոկտեմբերին: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ երկու համաձայնագրերն առաջիկայում կստորագրվեն: Նախատեսվում է 2013 թվականին ավարտել նաեւ Խորը եւ համապարփակ առեւտրի ազատ գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցությունների փուլը: