Լուրեր
Պարգեվներ՝ ուսուցիչներին
16.10.2012
Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած կուսակցության անդամ ուսուցիչների պարգեւատրման հանդիսավոր արարողությանը:
ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Երեւանի եւ Հանրապետության բոլոր մարզերի ՀՀԿ անդամ մի խումբ ուսուցիչներ պարեւատրվեցին ՀՀԿ շնորհակալագրերով։
ՀՀ ԱԺ նախագահը հանրապետության 6 ուսուցիչների պարգեւատրեց ԱԺ Պատվո մեդալով։
ԱԺ նախագահը, անձամբ հանձնելով պարգեւներն ու շնորհավորելով պարգեւատրվածներին` նշեց, որ իր համար այս առաքելությունը շատ պատվաբեր է, որովհետեւ մենք խոսում ենք ուսուցչի մասին, ով մեզ համար բոլոր ժամանակներում եղել է հարազատ եւ մնում է հարազատ, նվիրված իր գործին։ «Դուք վաստակել եք այս հարգանքը : Մենք պետք է ավելին անենք դպրոցի համար, մանկավարժի համար, ով դաստիարակում է, կրթում մեր ապագա սերնդին: Դա պարտականություն, պարտավորություն է»: «Եվս մեկ անգամ ուզում եմ Հայաստանի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի, Հանրապետական կուսակցության անունից շնորհավորել բոլորին ուսուցչի օրվա առիթով եւ մաղթել ձեզ համբերություն եւ հաջողություն: Դուք միշտ եղել եք պետության, պետականության եւ ժողովրդի կողքին։ Եվ մենք բարձր ենք գնահատում ձեր դերակատարությունը մեր կյանքում»։
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանն իր խոսքում նույնպես կարեւորելով եւ բարձր գնահատելով ուսուցչի դերը մատաղ սերնդի դաստիարակության գործում, ՀՀԿ անդամ մանկավարժներին մաղթեց քաջառողջություն եւ անսպառ եռանդ՝ մանկավարժական գործունեության մեջ։
ՀՀԿ անդամ ուսուցիչների պարգեւատրման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով նույնպես պարգեւներ հանձնեց մանկավարժներին։
ՀՀ պաշտպանության եւ կրթության ու գիտության նախարարություների կողմից եւս մեդալներ, շնորհակալագրեր եւ պատվոգրեր հանձնվեցին ՀՀԿ անդամ ուսուցիչներին։