Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի հետ
15.10.2012
<<Էրեբունի-Երևան 2794>> տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:Ողջունելով հյուրերին` Երևանի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել նրանց հրավերն ընդունելու և Երևանի տոնին մասնակցելու համար, նշելով, որ Երևանը պատրաստակամ է էլ ավելի ընդլայնելու և գործնական հիմքերի վրա դնելու Երևանի ու Ռիգայի միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերությունները. <<Մենք ողջունում ենք գործընկեր քաղաքների հետ փոխշահավետ համագործակցությունը ինչպես մշակութային, զբոսաշրջության զարգացման, այնպես էլ բիզնես ոլորտներում: Այս առումով կարող եմ վստահեցնել, որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու Երևանի զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին>>,- նշել է Տարոն Մարգարյանը:Ներկայացնելով մայրաքաղաքի կառավարման համակարգը, ինչպես նաև Երևանում ընթացող քաղաքաշինական ծրագրերը, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանի դիրքորոշումը ժամանակակից լուծումներին զուգահեռ քաղաքի պատմական դիմագիծը պահպանելն է, և քայլեր են կատարվում մոտեցումներն օրենսդրորեն ամրագրելու ուղղությամբ:Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը իր հիացմունքն է արտահայտել Երևանի օրվա տոնակատարության կապակցությամբ, առանձնացնելով, որ հատկապես տպավորված է տոնական միջոցառումներին ժողովրդի ակտիվ մասնակցությամբ: Ռիգայի քաղաքապետը ևս իր հերթին կարևորել է փոխշահավետ համագործակցությունը հատկապես փորձի փոխանակման առումով, համոզմունք հայտնելով, որ առաջիկայում Երևանի և Ռիգայի միջև հարաբերություններն էլ ավելի սերտ ու գործնական կդառնան. <<Մայրաքաղաքների խնդիրները գրեթե նույնն են, և այսօր առկա են բոլոր նախադրյալները համատեղ ծրագրերի իրականացման և փորձի փոխանակման համար>>,- նշել է Ռիգայի քաղաքապետը: Տեղեկացնելով, որ 2014թ. Ռիգան հռչակվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, Նիլ Ուշակովը գրքի համաշխարհային մայրաքաղաքի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրավիրել է մասնակցելու այդ առիթով կազմակերպող միջոցառումներին: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը երևանյան կողմի պատրաստակամությունն է հայտնել մասնակցելու Ռիգայում 2014թ. նախատեսվելիք միջոցառումներին: