Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Արա Աբրահամյանի և Արթուր Չիլինգարովի հետ
15.10.2012
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է <<Էրեբունի-Երևան 2794>> տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և ՌԴ պետական դումայի փոխխոսնակ Արթուր Չիլինգարովի հետ:Ողջունելով հյուրերին` քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի տոնին մասնակցելու համար և նկատել, որ սա ևս մեկ ապացույց է, որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է ու, հնարավորության դեպքում, Հայաստանից դուրս բնակվող մեր հայրենակիցներn անպայման մասնակցում են Երևանի տոնին: <<Մենք բարձր ենք գնահատում ձեր ջանքերն ու ներդրումը հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում, ինչը մեզ համար իսկապես շատ կարևոր է>>,- նշել է քաղաքապետը և համոզմունք հայտնել, որ հյուրերն այսուհետ ևս կշարունակեն նպաստել ինչպես երկու ժողովուրդների, այնպես էլ Երևանի և Ռուսաստանի քաղաքների միջև բարեկամական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը:Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` հյուրերն իրենց հերթին ընդգծել են, որ անկախ բնակության վայրից, Երևանը իրենց համար եղել ու մնում է հարազատ քաղաք և վստահեցրել են, որ այսուհետ ևս կշարունակեն հնարավորին նպաստել Երևանի և ՌԴ քաղաքների միջև ինչպես մշակութային, այնպես էլ գործարար կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Արա Աբրահամյանը նաև վստահեցրել է, որ Ռուսաստանի հայերի միությունը պատրաստ է իր մասնակցությունը բերել նաև Երևանում ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացին:Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում ըստ ամենայնի օժանդակել Երևանի զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն: